«Սուրեն Խաչատրյանի ազատման խնդիրը վարչապետի առաջարկն է եղել». Դավիթ Լոքյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր տեղի ունեցած իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին՝ շատ գյուղացիներ դժգոհում են համայնքների խոշորացումից, կոնկրետ նրանց ո՞ր բողոքներն են հաշվի առնվել, և որքանո՞վ են դրանք արտահայտված համայնքների խոշորացման ծրագրում, ասաց, որ ինքը եղել է բոլոր համայնքներում և չի կարող ասել, թե 100%-ով բնակիչները համաձայն են խոշորացման պրոցեսի հետ:

«Բնականաբար, գոյություն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններ, պատճառներ, որոնք այս հարցում դժվարություններ են ստեղծում: Օրինակ՝ համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակիցները ենթադրում են, որ կորցնելու են իրենց աշխատանքը: Այսինքն՝ չեն տիրապետում 10 մլն դրամի չափով իրենց բյուջեի ծախսմանը: Բայց, երբ մարդիկ հասկանում են, որ հաստիքների կրճատում տվյալ համայնքում չի լինում, պարզապես ձևական օպերատորը փոխվում է անասնաբույժով:

Գյուղացիների հիմնական դժգոհություններից մեկն այն էր, որ իրենք ասում են՝ մենք չենք կարողանա ծառայություններից օգտվել, ստիպված ենք լինելու, ենթադրենք՝ Կոթի գյուղից գնալ Նոյեմբերյան և հողի հարկ, գույքահարկ վճարել, կամ տեղեկանք ունենալ՝ այս կամ այն գույքը վաճառելու: Այս խնդիրը վերացված է, քանի որ, շնորհիվ մեր դոնորների՝ բոլոր խոշորացվող համայնքներում իրականացրել ենք այս գործառույթները, ստեղծված են այդ ծառայությունները, և մարդը գյուղից դուրս չգալով՝ կարողանում է իր բոլոր խնդիրները լուծել»:

Շարունակելով հարցի պատասխանը՝ նա հավելեց. «Գյուղացիներին թվում էր, թե իրենց գյուղի անունը կվերանա քարտեզի վրայից: Նրանց թվում էր, թե եթե Գոշավանքը կամ Հաղարծինը միավորվում է Դիլիջան համայնքի մեջ, անունը վերանալու է, բայց դա այդպես չէ: Բնակավայրերի անունները չեն փոխվել, պարզապես «համայնք» բառի փոխարեն՝ «բնակավայր» բառն է»:

Հարցին՝ երբ նա կառավարությունում ներկայացնում էր Սուրիկ Խաչատրյանին պաշտոնից ազատելու հարցը, այդպես էլ չհիմնավորեց, թե այդ հանձնարարականն ում կողմից էր եղել. հիմա կարո՞ղ է ասել՝ ով է հանձնարարել իրեն, քանի որ անգամ վարչապետը նկատեց, որ շտապում է ազատել մարզպետին, նախարարը պատասխանեց. «Տեխնիկական խնդիր էր, քանի որ առաջին անգամ էինք նստած տեղից այդ բանն իրականացնում, Սուրեն Խաչատրյանի ազատման խնդիրը վարչապետի առաջարկն է եղել, քննարկվել է նաև մեզ հետ և իրականացվել է այդ փոփոխությունը»:

Տեսանյութեր

Լրահոս