Կործանված ռուսական ինքնաթիռում է եղել նաև հայտնի բժիշկ Լիզան, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Լաթաքիա
«Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, քաղակտիվիստ, իր մարդասիրական ծրագրերով հայտնի Ելիզավետա Գլինկան, որը հայտնի էր բժիշկ Լիզա անունով, եղել է Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռում, նա զոհվել է:
Այս մասին տեղեկացրել է նրա ամուսինը՝ փաստաբան Գլեբ Գլինկան, հայտնում է Lenta-ն:
«Այո՛, եղել է»,- պատասխանել է նա հարցին, թե արդյոք իր կինը գտնվել է ինքնաթիռում աղետի ժամանակ:
«Արդար օգնություն» հիմնադրամի կայքում նշվում է, որ նա ուղեկցում էր մարդասիրական բեռը, որը նախատեսված էր Լաթաքիայի Տիշրին համալսարական հոսպիտալի համար:
Ավելի վաղ ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի կայքում հայտնվել էր մահախոսական՝ նվիրված Ելիզավետա Գլինկային:
Գլինկան ռուս հայտնի բարեգործ էր: Նրա գործունեության հիմնական ոլորտը ռազմական հակամարտություններից տուժածներին, այդ թվում՝ երեխաներին օգնելն էր:
Հայտնի է, որ նրա ղեկավարած հիմնադրամն աջակցել է նաև Արցախին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:
Օրեր առաջ 54-ամյա բարեգործն իր գործունեության համար ՌԴ պետական պարգևի էր արժանացել: