Ինչո՞ւ գյուղնախարարությունը «Վինարին» «հանձնեց» դատախազությանը
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում պարզաբանեց, թե ինչո՞ւ նախարարությունը որոշեց «Վինար» ընկերության հարցում դիմել դատախազությանը:
Ընկերությունը, հիշեցնենք, խաղողը մթերել է գյուղացիներից, բայց գումարը մինչ օրս չի վճարել: Սկզբում հայտարարել էր, թե 47 մլն դրամ է պարտքը, բայց ստուգումների արդյունքում պարզվել է, որ 100 մլն է:
«Կային նման այլ ընկերություններ ևս, բայց այս երեք ամսում մարվել է նրանց պարտքը: «Վինարի» սպիրտների համար պետությունը պատրաստ էր գնորդ գտնել, որ վաճառքից ստացված գումարը վճարվի գյուղացիներին:
Դա նախարարության գործը չէ և վատ նախադեպ կարող է դառնալ, բայց քանի որ խոսք էինք տվել, որ անբարխիղճ վերամշակողները չեն կարող մնալ անպատիժ, դիմեցինք դատախազություն: Գյուղատնտեսության նախարարությունն այսօր առաջին հերթին պետք է լինի գյուղացու կողքին, ապահովի նրանց ֆինանսների վերադարձելիությունը, հետո աշխատենք մթերողների հետ: Իմ կարծիքով, գյուղացու գումարը մի շաբաթում պտք է վճարվի, չի կարող գյուղացին մի տարի սպասել»,- ասաց Ի.Առաքելյանը: