Զինվորներին տեղափոխող ավտոբուս է այրվել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ ժամը 16:00-ի սահմաններում Վայքի տարածաշրջանում՝ Երասխ գյուղի մոտակայքում, հրդեհվել է դեպի Արցախ զինվորներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը նշելով, որ այլ մանրամասներ դեռ պարզ չեն։ «Կարևորը, որ զոհեր չկան»,- ընդգծեց նա։ Ականատեսների վկայությամբ՝ այրվել են զինվորներին պատկանող անհատական օգտագործման իրերն ու պարագաները։
«Արարատի մարզի Երասխավան և Պարույր Սևակ գյուղերի մոտակայքում զինվորներին տեղափոխող ավտոբուսի այրվելու հետևանքով որևէ զինվոր չի տուժել»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Պարույր Սևակ գյուղի գյուղապետ Էդուարդ Ստեփանյանը։ «Ես գյուղում չեմ եղել, ինձ ասացին, որ մեր գյուղից 5-6 կմ ներքև է դեպքը տեղի ունեցել։ Ավտոբուսը երևի ինչ-որ մի դեֆեկտ ունեցել է. ընթացքի ժամանակ հրդեհ է սկսվել։ Վարորդը կանգնեցրել է մեքենան, մարդիկ իջել են, որևիցե վնաս չի եղել, զինվորներին ոչինչ չի պատահել»,- տեղեկացրեց համայնքապետը։ Հարցին, թե որտեղ են տեղավորվել զինվորները՝ Ստեփանյանը պատասխանեց, որ «ուրիշ ավտոբուս են ուղարկել, զինվորներին տարել են»։ «Հրշեջ մեքենա են կանչել, եկել է, այրվող ավտոբուսը փորձել են հանգցնել, բայց դե մինչև գալն ահագին վառվել է։ Մեքենան արդեն տարել են, փառք Աստծո, ոչ մեկին ոչինչ չի եղել»,- ասաց համայնքապետը՝ նշելով, որ 6 ամսվա ծառայած զինվորները վերադառնում էին ուսումնավարժական պարապմունքներից։
Արարատի մարզի Երասխ գյուղի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը ևս մեզ հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով ավտոբուսի հրդեհի հետևանքով «ոչ մի մարդու բան չի եղել»։ Ընդգծեց, որ տեղում աշխատել են ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցներն ու հրշեջ-փրկարարները»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։