
Դավիթ Անանյանին ես եմ խնդրել միանալ մեր թիմին. ՀՀ ֆինանսների նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահ է, որ նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի՝ մասնավորից պետական հատված անցում կատարելու դեպքում շահերի բախում տեղի չի ունենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 23-ին տարեվերջյան ասուլիսին Վարդան Արամյանը նշեց, որ Դավիթ Անանյանին հենց ինքն է խնդրել միանալ իրենց թիմին:
«Ես դա պետք է բարձրաձայն ասեմ: Դավիթ Անանյանին ճանաչողները կարող են փաստել, որ նա բավականին պրոֆեսիոնալ անձնավորություն է: Երկար տարիներ աշխատել է «ՔԵՅ ՓԻԷՄՋԻ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ում: Դավիթ Անանյանը նաև եղել է ՀԲ-ի կողմից վարձված փորձագետ, ով հարկային քաղաքականության մասով խորհուրդներ է տվել այլ երկրներին: Աշխատավարձը, որը նա ստանում էր մասնավոր հատվածում, վստահեցնում եմ, որ մի քանի անգամ բարձր է եղել ներկայիս աշխատավարձից: Պարզապես մենք նախարարությունում հավաքում ենք թիմ, որը նվիրված է գաղափարներին, որը ցանկանում է նախատեսված շանսն օգտագործել երկրին օգուտ տալու համար: Դավիթ Անանյանը հատուկ եկել է այդ գաղափարն իրագործելու համար»,- ասաց Վարդան Արամյանը: