«Բանակում, Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում ինչ քրեական միջադեպ կա, «Փոքր Մհերի» շրջանավարտները մեջն են». ԿԳ նախարար
«Չինաստանի հեղինակավոր համալսարաններից մեկը հայոց լեզվի ամբիոն ստեղծեց, և մենք պետք է կարողանանք մեր համայնքների միջոցներն օգտագործելով՝ այդ գործընթացը տանել առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Անդրադառնալով «Փոքր Մհեր» կրթահամալիրում տեղի ունեցած միջադեպին, երբ աշակերտները պահանջել էին տնօրենի հրաժարականը, նա ասաց, որ խնդիրն ավելի բարդացավ, քան զուտ տնօրենի՝ պաշտոնում մնալ-չմնալը.
««Փոքր Մհերը», որը բավականին հետաքրքիր գաղափար էր ու լավ արդյունքներ էր տվել, ունի մի քանի մակարդակների խնդիրների թնջուկ: Կան զուտ իրավական, տնտեսական և մանկավարժական խնդիրներ: Մեզ մտահոգեց այն, որ հետագայում բանակում, Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում ինչ քրեական միջադեպ կա, «Փոքր Մհերի» շրջանավարտները մեջն են: Սա բերեց բավականին լուրջ ուսումնասիրության, որովհետև այնտեղ կա նաև շատ բարձր որակ և մանկավարժական կոլեկտիվ: Այսինքն՝ արհեստական ինչ-որ վիճակներ են ստեղծված:
Լուծումը տվել ենք արդեն ՊՆ-ի հետ միասին և, ըստ էության, մենք պետք է ձևաչափ ունենանք, որ «Փոքր Մհերի» հիմնական դպրոցի կրթական ծրագիրը, որն իրականացվում է Նուբարաշենում, առանձնացնենք, ավելի բացենք դա, այդտեղ աղջիկներ գան սովորելու:
Ինֆորմացիոն փակ իրավիճակ է ստեղծվել, որն իր հետ բերել է բացասական հետևանքներ: Իսկ ավագ դպրոցի ձևաչափը միացնենք ՊՆ-ի քաղաքականությանը: Սա իրականացնելու համար համապատասխան առաջարկով դիմել ենք կառավարությանը, որպեսզի խնդիրներն այդ ձևաչափով լուծվեն»: