
Հակամարտության երկրորդ փուլը. Nokia-ն կրկին դատի է տվել Apple-ին

Nokia ընկերությունն արդեն երկրորդ անգամ դատի է տվել Apple ընկերությանը: Nokia-ի ներկայացուցիչները նշում են, որ Apple-ը խախտել է 2011 թվականին ձեռք բերված և ստորագրված համաձայնությունը: Այն վերաբերում էր ընկերությունների իրականացրած տարբեր մշակումներին, ծրագրային ապահովմանը, դիսփլեյների ստեղծմանը, տեսանյութերի կոդավորմանը և այլ միկրոսխեմաների մշակմանը:
Ֆիննական Nokia ընկերությունը չի ցանկացել գործը հասցնել դատարան՝ խուսափելու համար ընկերության՝ առանց այդ էլ ունեցած ֆինանսական խնդիրներից: Ընկերությունը մի քանի անգամ փորձել է համաձայնության գալ Apple-ի հետ և շտկել ստեղծված իրավիճակը, սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է որևէ բանակցություն վարել:
Վերլուծաբանները տարօրինակ են համարում Apple-ի նման պահվածքը՝ հիշելով 2009 թվականը, երբ այս ընկերությունների միջև տեղի ունեցած տարաձայնությունները հնարավոր եղավ լուծել բանակցությունների միջոցով: Այն ժամանակ Nokia-ն մեղադրում էր Apple-ին առաջին iPhone-ում իր տեխնոլոգիաներն ապօրինի կիրառելու մեջ:
Սիրարփի Աղաբաբյան