«Կարճաժամկետ խնդիրներ լուծելով՝ շարունակական խնդիրներ ենք առաջացնում». Մանե Թանդիլյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանն այսօր տեղի ունեցած տնտեսական քննարկման ընթացքում ասաց, որ Հայաստանի արտաքին պարտքի բարձրացման համար այդքան շատ են անհանգստանում, որովհետև 2008թ. մինչև հիմա 1.5 մլրդ դոլարից այն աճել է՝ դառնալով 4 մլրդ դոլար, ինչը, ըստ նրա՝ նշանակում է, որ մեր երկրում անընդհատ կա բաց տեղ, որը պետք է ծածկվի արտաքին պարտքով:

«Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ մեր հավաքագրած գումարները չեն բավականացնում մեր տնտեսության զարգացման համար, ու մեզ անհրաժեշտ է լրացուցիչ պարտք, որպեսզի կարողանանք ծածկել թե՛ մեր կենսաթոշակային պարտավորությունները մեր տարեցների համար, թե՛ բազմաթիվ այլ սոցիալական ծրագրեր: Դա, ի վերջո, բերում է նրան, որ մեր հարկային հավաքագրումից ստիպված ենք լինում վճարել տոկոսադրույքներ այդ պարտքերի դիմաց: Այս շղթան չի ընդհատվում, որովհետև մեր տնտեսությունը կառուցված է կարճաժամկետ լուծումների վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն տարի մտածում ենք, թե ինչպես լուծենք տվյալ տարվա խնդիրները, ինչը դառնում է տարբեր տարօրինակ փոփոխությունների պատճառ, ինչպիսին, ըստ նրա՝ Հարկային օրենսգիրքն է:

«Երբ մենք փոփոխություն ենք անում կարևորագույն փաստաթղթի մեջ, որն ըստ էության պետք է ծառայի տնտեսության զարգացմանը, մենք դնում ենք կարճաժամկետ խնդիրներ. մեզ անհրաժեշտ է որոշակի քանակի հարկ, որպեսզի կարողանանք ապահովել մեր պարտավորությունները բնակիչների նկատմամբ»,- պարզաբանեց նա:

Մանե Թանդիլյանի խոսքով՝ կարճաժամկետ կտրվածքով բյուջեում մուտքեր են լինում, որի արդյունքում հնարավոր է լինում որոշակի պարտավորություններ կատարել, սակայն, երբ այդ գումարները տնտեսվարողների և քաղաքացիների ձեռքից վերցնում են, դրանով նվազեցնում են տնտեսության սպառումը քաղաքացիների կողմից. «Կարճաժամկետ խնդիրներ լուծելով՝ շարունակական խնդիրներ ենք առաջացնում, և այստեղ սկսում է գործել այն հանգամանքը, որ մեր երկրում կայունություն չլինելու պատճառով, առանց այդ էլ, ներդրումային դաշտը բարվոք չէ, և, երբ խոսում ենք ներդրումները խթանելու մասին, պետք է խոսենք երկու կարևոր հանգամանքի մասին՝ տնտեսական աուրայի կանխատեսելիության և իշխանությունների հանդեպ վստահության: Չեմ կարող քաղաքական հատվածը չշեշտել, որովհետև շատ հստակ է, որ, երբ դու պատրաստվում ես ներդրումներ անել, պետք է վստահ լինես, որ դրանք երաշխավորված են, և կա հավասար մրցակցություն, չկան արտոնյալներ: Այլապես ներդրողը ոչ մի ներդրում չի անի»:

Ըստ նրա՝ Հայաստանի նման երկրում ռիսկային է ներդրումներ անելը, ինչի հետևանքով էլ մեր տնտեսությունն այս պահին ծանր վիճակում է:

Տեսանյութեր

Լրահոս