«2016թ. Վրաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերները եղել են Ադրբեջանը, Հայաստանը, Իրանը, Ուկրաինան և Թուրքիան». Մայա Գրիգոլիա

Այսօր կազմակերպված «Հայաստան-Վրաստան տարածաշրջանային տնտեսական խնդիրներն ու հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ Վրաստանից քննարկմանը տեսազանգով միացած Policy and Management Consulting Group-ի հետազոտությունների տնօրեն Մայա Գրիգոլիան ասաց, որ 2016թ. բավականին հակասական տարի էր Վրաստանի համար՝ տնտեսական առումով, քանի որ ունեցել են որոշակի տնտեսական մարտահրավերներ:

«Մեր տնտեսական հիմնական խնդիրն այն է, որ լարիի նկատմամբ արտարժույթի փոխարժեքը մնում է բարձր: 2015թ. ի վեր գրանցվել է մոտ 50% սղաճ: Վերջին տասն օրերի ընթացքում կտրուկ նվազել է լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ, և այժմ այն կազմում է 2.8 լարի՝ 1 դոլարի համար, ինչը չափազանց ցածր ցուցանիշ է: Խնդիրն այն է, որ Վրաստանը շատ կախված է դոլարացված առևտրից: Ֆինանսական շուկան, ընդհանրապես, շատ կախված է արտարժութային առևտրից: Եվ, ընդհանրապես, մեզ մոտ վարկային քաղաքականությունը, մեր շուկայի մոտ 60%-ը, վարկավորումը կատարվում է հենց դոլարով, ինչը խնդիր է մեզ համար: Վրաստանում ներմուծումների ցուցանիշն աճում է, մենք կախվածություն ունենք ներմուծումներից, և հաշվի առնելով այն, որ լարիի փոխարժեքն իջնում է դոլարի համեմատ, դա իսկապես խնդիր է մեզ համար»:

Փորձագետն ընդգծեց, որ 2016թ. Վրաստանում տնտեսական աճի ցուցանիշը կազմում էր մոտ 3%, իսկ այս պահին համարյա 2.3% է, ինչը, ըստ նրա՝ այնքան էլ ցանկալի ցուցանիշ չէ. «Խնդիրն այն է, որ Վրաստանն ունի որոշակի կախվածություն տարածաշրջանային տնտեսական զարգացումից, և, իհարկե, հարևան երկրների տնտեսական վիճակը չի կարող չանդրադառնալ Վրաստանի տնտեսական վիճակի վրա: 2016թ. երկրորդ եռամսյակում ներմուծումների ծավալն աճեց մոտ 60%-ով, իսկ արտահանման ծավալն իջավ մոտ 17%-ով, ինչը նշանակում է, որ չի կարելի ակնկալել որոշակի կայունություն Վրաստանի տնտեսական հեռանկարների հետ կապված՝ հատկապես հաշվի առնելով լարիի անկումն արտաքին արժույթի նկատմամբ»:

Ինչ վերաբերում է 2016թ. դրական զարգացումներին, ապա, նրա խոսքով՝ դա այն էր, որ Վրաստանը Չինաստանի հետ ստորագրեց ազատ առևտրի մասին պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2017 թվականից. «2016թ. տեղի ունեցան նաև հարկային բարեփոխումներ. շահութահարկն ընդհանրապես վերացվեց որոշակի հարկատուների համար, և մեր հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ այս հարկային բարեփոխման շնորհիվ տնտեսական աճը որոշակիորեն պետք է խթանվի: Բացի այդ՝ որոշակի հարկային բարեփոխումներ են տեղի ունեցել նաև ԱԱՀ-ի հետ կապված. 2016թ. ԱԱՀ-ն որոշակիորեն նվազեց Վրաստանում՝ 20%-ից իջնելով մինչև 16%»:

Փորձագետը նշեց, որ ԵՄ-ի հետ ստորագրած ասոցիացման համաձայնագիրը Վրաստանին թույլ է տվել ազատականացնել առևտուրը ԵՄ երկրների հետ, և ըստ այդմ՝ արտահանման ծավալները ԵՄ տարածքում սկսում են աճել. «Սակայն սա դեռևս մեր արտահանման ծավալի մեծ մասը չի կազմում: 2016թ. Վրաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերները եղել են Ադրբեջանը, Հայաստանը, Իրանը, Ուկրաինան և Թուրքիան: Եվ այս բոլոր 5 երկրներում իրականում տնտեսական տատանումներ են տեղի ունենում, ու մեր կազմակերպությունն ուսումնասիրում է տեղի տնտեսական խնդիրները, իրադրությունը: Մեր ուշադրությունը հատկապես գրավում է Հայաստանը, քանի որ Վրաստանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները կարևոր են նաև այն տեսանկյունից, որ երկու երկրները տարբեր ուղղություններ են ընտրել. Վրաստանն ընտրել է ԵՄ ինտեգրումը, իսկ Հայաստանն ընտրել է ԵՏՄ-ն»:

Վրաստանի և Հայաստանի միջև եղած առևտրային հարաբերությունների մասին առավել մանրամասն խոսեց Վրաստանից քննարկմանը տեսազանգով միացած մյուս բանախոսը՝ տնտեսության ոլորտի հետազոտող, Policy and Management Consulting Group-ի ներկայացուցիչ Շուշանիկ Սաֆարյանը: «Ուզում եմ հիշել 2003, 2004, 2007 թվականները, երբ շատ խոշոր հայկական ձեռնարկություններ սկսեցին գործել Վրաստանում, ու քանի որ Վրաստանում ֆինանսական և տնտեսական իրադրությունը թույլ էր տալիս ու բավականին տարբերվում էր Հայաստանում ստեղծված իրավիճակից, պետք է ասեմ, որ այդ բիզնեսներն այս պահին Վրաստանում շարունակում են շատ արդյունավետ գործել: Չնայած՝ Վրաստանում ստեղծվում են բավական բարենպաստ հարկային պայմաններ, և դրանք կարող են գրավել հայ ներդրողներին, կարող են քաջալերել նրանց՝ ստեղծել նոր բիզնեսներ Վրաստանում, խնդիրն այն է, որ Հայաստանում բավականին զգայուն փոփոխություններ են տեղի ունենում՝ կապված ԵՏՄ-ի հետ: Խնդիրն այն է, որ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան օրենսդրական փոփոխություններ՝ ձեռնարկատիրական ոլորտում, որոնք կարող են խոչընդոտներ ստեղծել Վրաստանում հայկական ձեռնարկությունների և բիզնեսի ձևավորման համար»:

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ ժամանակին Հայաստանի և Վրաստանի միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնությունը կարող էր ընդհանրապես չեղարկվել այն պատճառով, որ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, սակայն, ըստ նրա՝ իրենց Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունների շնորհիվ ՝ հաջողվեց այդ խոսակցությունները մարել. «Ասացին, որ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնությունը կպահպանվի»:

Տեսանյութեր

Լրահոս