«Դուք երևի առաջին հիմնական զեկուցողն եք, որ հարցին արմատապես պատասխանեցիք». Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Հայրապետյանին
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, որով նախատեսվում է, որ ՀՀ-ին կտրամադրվի բյուջետային աջակցության վարկ՝ 90 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով։
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ասաց, որ այստեղ 60 միլիոնը նախատեսված է 2016 թվականի բյուջեի համար, և 30 միլիոնը՝ 2017 թվականի բյուջեի համար։ Վարկի պայմաններն են՝ 15 տարի, որից 3 տարին՝ արտոնյալ, տոկոսադրույքը՝ լողացող։
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե բյուջեի թերհավաքագրումը որքա՞ն է։ Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ թվերով չի կարող ասել. «Ասում եմ՝ կա խնդիր՝ հարկերի հավաքագրման առումով։ Բյուջեի հաշվետվությունը կգա, և կգան կոնկրետ թվերով կներկայացնեն»։
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ բյուջեի թերհավաքագրման հետ կապված հարցն ամենականխատեսելի հարցն է. «Հիմնական զեկուցողը գալիս է և ամբիոնից ասում է՝ այդ թիվը չեմ կարող ասել, այստեղ երկու վարկած կա, որ լավ չեք պատրաստվել զեկուցմանը, կամ էլ թիվն այնքան վախենալու է՝ չեք ուզում հրապարակեք։ Ասեմ, որ հոկտեմբերին ֆինանսների նախարարը 60 միլիարդն արդեն հրապարակել է, ասել է, որ կանխատեսում է 60 միլիարդ ցուցանիշ, բայց հաշվի առնելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը մինուս 8 է գնացել, 100 միլիարդ դրամի գնահատականը կարող է դեռ մեղմ լինի»։
Փոխնախարարն ասաց, որ մեր ընդհանուր պետական պարտքը լինելու է 55, 5 տոկոս այս տարվա համար։ ԿԲ-ի պարտքը լինելու է 4.8 տոկոս՝ ՀՆԱ-ում, ներքին պետական պարտքը լինելու է 9.9 տոկոս։
«2017 թվականին բոլոր պարտքերն իրար հետ լինելու է 56.8 տոկոս, թիվը լինելու է ոչ թե՝ 6.2, այլ՝ 6.3։ Այս ցուցանիշները հարաբերական են։ Ինչ վերաբերում է ցուցանիշների շեղմանը, բոլոր տարիներին էլ այդ շեղումները լինելու են, չի կարող լինել մի կանխատեսում, որ դուրս գանք այդ թվի վրա։ Մեր կյանքում էլ այդպես է, մի բան նախատեսում ենք, չի ստացվում, կամ էլ հաջողություն է լինում, մենք զարմանում ենք այդ հաջողությունից։ Ինչ վերաբերում է հարկերի թերհավաքագրմանը, բյուջեով 2016 թվականի հաստատվածը տրիլիոն 229 հարկային եկամուտներն են, այս պահի դրությամբ թե տարին ինչո՞վ կավարտվի, կդժվարանամ ասել։ Մեր սպասումներով՝ տրիլիոն 70-ի կողմերն է լինելու։ Եթե կարող եք ավելի կոնկրետ ասել, շեղումներն ավելի կոնկրետ կասենք»,- նշեց Ա. Հայրապետյանը։
«Դուք երևի առաջին հիմնական զեկուցողն եք, որ հարցին արմատապես պատասխանեցիք՝ ասելով, որ, եթե մեր կյանքում լավ բան լինի, մենք պետք է շատ զարմանանք։ Գլոբալ հարցը հետևյալն է՝ կառավարությունն իրավիճակը վերահսկո՞ւմ է, թե՞ չի վերահսկում»,- արձագանքեց Ն. Փաշինյանը։
Փոխնախարարն էլ հավաստիացրեց, որ կառավարությունը ոչ միայն ամբողջությամբ վերահսկում է, այլև այնտեղ, որտեղ ռիսկեր է տեսնում, դրանց մեղմման և չեզոքացման ուղղությամբ գործողություններ է իրականացնում։