Բաժիններ՝

«Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի գաղափարն այլևս իրականություն է». Արմեն Ամիրյան

ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում նախարար Արմեն Ամիրյանն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը հայտարարեցին Համահայկական նվագախմբի ստեղծման մասին.

«Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի գաղափարն այլևս իրականություն է: Սա համահայկական միասնության գաղափարն է՝ մեկ գաղափարի շուրջ համախմբելու մեր երաժիշտ հայրենակիցներին, որին և մենք հետամուտ էինք՝ այն հղանալիս: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանն այս ընթացքում բավականին լուրջ և ծանրակշիռ աշխատանք իրականացրեց՝ արդյունքում մենք ունեցանք այն, ինչ ունենք», – ազդարարեց մամուլի ասուլիսի մեկնարկը մշակույթի նախարարը:

«Աշխատանքներն ընթացքի մեջ են և այսքան կարճ ժամանակահատվածում աշխարհի 19 երկրներից այսքան թվով հայերի մեկտեղումը շատ դժվար է, որովհետև նրանցից յուրաքանչյուրն ունեն իրենց ծրագրերը,- նկատում է Ռուզաննա Սիրունյանն ու շարունակում,- Իհարկե, երբ նրանք ծանոթանում են գաղափարին, անմիջապես արձագանքում են: Հիմա մենք փորձում ենք առավել ինտենսիվ կերպով լուծենք մենակատարների հետ կապված խնդիրները, որովհետև նվագախմբի հետ կապված խնդիրները, մեծ իմաստով, լուծված են, արդյունքում՝ այսօրվա դրությամբ թվով 50 մասնակիցներ արդեն իսկ գրանցվել են՝ ցանկություն հայտնելով մասնակցություն ունենալու նոր ստեղծվող նվագախմբի գաղափարի իրականացմանը»:

Արդեն հայտնի է՝ նվագախմբի համերգները ղեկավարելու են 3 դիրիժորներ՝ Էդուարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանն ու Սերգեյ Սմբատյանը:

Կարդացեք նաև

«Նվագախմբի համերգային ծրագիրը կազմված է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից՝ Կոմիտասից՝ մինչև ժամանակակիցների ստեղծագործությունները: Նվագախումբը հնչեցնելու է հիմնականում արդեն եղած գործերը: Միակ ձևակերպված պատվերը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Մաեստրո Տիգրան Մանսուրյանին, 8-10 րոպե տևողությամբ մի ստեղծագործություն՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին: Կարծում եմ՝ հենց այդ հերոսականությամբ էլ կարելի է եզրափակել ապրիլին նախատեսվող համերգները»,- ընդգծում է Արմեն Ամիրյանը:

Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունը չի սահմանափակվելու միայն երևանյան համերգով. այս մասին մանրամասնում է նախարար Արմեն Ամիրյանը.

«Առաջին համերգը կմեկնարկի ապրիլին՝ Ցեղասպանության օրվան նախորդող կամ հաջորդող օրը, որից հետո նվագախումբը համերգներով կներկայանա Սփյուռքի հայաշատ գաղթօջախներում՝ Նյու Յորքում, Փարիզում, Բուենոս Այրեսում, Լոս Անջելեսում, Լիբանանում, Բեյրութում, Թեհրանում և այլուր, այն տեղերում, որտեղ կգտնվեն գործընկերներ, և որտեղ հնարավոր կլինի իրականացնել և մեկտեղել աշխարհով մեկ սփռված հայ երաժիշտներին: Նվագախմբի կազմը մշտապես փոփոխական է լինելու, որովհետև այս պարագայում հնարավոր չէ մշտական երաժիշտներ պահել՝ հավաքվելու ենք գաղափարի համար, նվագելու ենք, որից հետո յուրաքանչյուրս գնալու ենք մեր գործին»:

Ամփոփելով ասուլիսը՝ Ռուզաննա Սիրունյանը նկատում է, որ միայն փետրվարին կուրվագծվեն նոր ստեղծվող նվագախմբի հետ կապված շոշափելի հարցերի վերջնական հստակեցումները, որոնց լուծման համար անհրաժեշտ կլինի ընտրված երեք դիրիժորների միասնական աշխատանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս