«50%-ն արդեն անցել ենք, և 60%-ն անցնելու դեպքում ՀՀ կառավարությունն այլևս իրավունք չունի պարտք կուտակել». Վահագն Խաչատրյան
«Ազգային ժողովը հիմա երկու կարևոր հարց է քննարկում: Մեկով հերթական պարտքերն ենք ավելացնում. 3 վարկային ծրագրեր, որոնցից երկուսն ուղղակի բյուջետային հատկացումներ են՝ բյուջեի ծախսերը փակելու համար, մյուսը՝ ենթակառուցվածքային ծրագիր է, ոը կապված է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հետ:
Սա կարևոր է այն առումով, որ ամբողջ տարին մեր բոլորի ուշադրության կենտրոնում եղել է պետական պարտքը, որովհետև այդ գումարներն ավելացնելով՝ պետական պարտքը կդառնա 5 մլրդ 800 մլն դոլար: 50%-ն արդեն մենք անցել ենք, մոտենում ենք 60%-ի սահմանագծին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ նկատելով, որ ՀՀ Պետական պարտքի մասին օրենքում երկու սահմանափակում կա՝ ՀՆԱ 50% և 60%, և ըստ նրա՝ 60%-ն անցնելու դեպքում ՀՀ կառավարությունն այլևս իրավունք չունի պարտք կուտակել:
Տնտեսագետի խոսքով՝ բոլոր երկրների համար էլ ամենակարևորը տնտեսական աճ ապահովելն է.
«Տնտեսական աճով են պայմանավորված տնտեսական համակարգում եղած խնդիրների լուծումները: Պաշտոնյաներն ասում են, որ մեր պետական պարտքը շատ վտանգավոր չէ իր մեծությամբ և կառուցվածքով, բայց կարևոր է, որ լինի տնտեսական աճ: Հարկահավաքներն էլ ասում են, որ, եթե համապատասխան տնտեսական աճ լիներ՝ մենք խնդիր չէինք ունենա: Մենք հարկահավաքության բնագավառում լուրջ պրոբլեմների առաջ ենք կանգնել: Նոյեմբեր ամսին, իհարկե, ռեկորդ ենք սահմանել՝ 96 մլրդ դրամի վարկ ենք հավաքել. սովորաբար մեզ մոտ ամսական լինում է 90-92 մլրդ դրամ, բայց 85-90 մլրդ դրամի թերհավաքագրում ունենք, ինչը կապված է տնտեսական աճի հետ»:
Ըստ տնտեսագետի՝ այս պայմաններում կարիք կա տնտեսական նոր քաղաքականության. «Նոր դեմքերից, նոր կառավարությունից որևէ ակնկալիք չունեմ, որովհետև դրանք ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոններով են պայմանավորված: Խորքային պրոբլեմների լուծումը ժամանակ է պահանջում, և 2016 թվականը չէր կարող լինել այդ խնդիրների լուծման տարին, ու 2017 թվականն էլ Էականորեն չի տարբերվի 2016 թվականից»:
Տնտեսագետը նաև նշեց, որ ավանդները հասել են 2 տրիլիոն 175 մլրդ դոլարի, քանի որ մարդիկ գերադասում են գումարներն ավանդ դնել, այլ ոչ թե անմիջական ներդրում անել տնտեսության մեջ: