«Ամանորի հետ կապված՝ շուկայում չրերի և այլնի գները եռապատիկ թռել են վերև, ո՞վ է դրա պատասխանատուն». Նաիրա Զոհրաբյան

«Մեծամասնությունն է հաստատել բյուջեն՝ իր դեֆիցիտով, և այս վարկը գալիս է փակելու արդեն իսկ մեծամասնության կողմից քվեարկած բյուջեի դեֆիցիտը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1007 01 D վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, որով ՀՀ կառավարությանը կտրամադրվի 40 միլիոն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ։

Ն. Զոհրաբյանի խոսքով՝ մենք տարին փակում ենք «մեծ նվերով» մեր բնակչությանը՝ 180 միլիոն դոլար նոր վարկային բեռ ավելացնելով։  Նա նշեց, որ Հայաստանում ներդրումային մթնոլորտը, ներդրումային կլիման 0 է։

«Ասել, որ տենդենց կա զրոյական շեմից բարձրանալու, հասկանում ենք, որ նման տենդենց չկա։  Տրանսֆերտների պակասն էլ բերել է նրան, որ ուղղակի խայտառակ  վիճակ է աղքատության տոկոսայնության բարձրացման առումով։ Մենք տեսնում ենք խայտառակ վիճակագրությունը՝ սպանությունների, ինքնասպանությունների. մայրը՝ երեխաներին, ամուսինը՝ կնոջը, կինը՝ ամուսնուն, բոլորի մոտ ինքնասպանության սոցիալական մոտիվացիա է, էդ որտե՞ղ այդ աղքատությունը նվազեց։

Մեր քաղաքացին, պարտքով էլ լինի, Նոր տարին պետք է նշի, բա մի հատ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը մոնիտորինգ չի՞ անում, ահազանգ եղավ, որ Ամանորի հետ կապված՝ շուկայում չրերի և այլնի գները ոնց են եռապատիկ թռել վերև, ո՞վ է դրա պատասախանատուն։ Ես հասկանում եմ, որ վերջին օրն է, ասում է՝ իմ աքլորն է, ինչքանով կուզեմ՝ կծախսեմ, տենց չի լինում, եթե կա պետություն, համապատասխան հանձնաժողով, այս բոլոր խնդիրներով պետք է զբաղվի»,- նշեց Ն. Զոհրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս