Սուրեն Կարայանը դրական է գնահատում Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը
Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումներ նախարար Սուրեն Կարայանը դրական է գնահատում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում մեր երկրի ԵԱՏՄ-ին անդամակցությունը՝ Ս. Կարայանն ասաց. «Դրական, որովհետև տեղի է ունեցել ԵԱՏՄ շուկա արտահանման աճ»,- ասաց Կարայանը:
Խոսելով ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին՝ նախարարն ասաց, որ այնտեղ սահմանվել են ավելի պարզեցված ընթացակարգեր, որոնք մեր գործարարներն արտաքին ապրանքաշրջանառությունն ավելի հեշտ կիրականացնեն:
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության, նոյեմբերի 30-ի դրությամբ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը կազմել է 274 մլն 95 հազար 670 դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 55.2 տոկոսով։