«Նախատեսվում է ինտերնետային ժամով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 միլիոն դրամի փոխարեն՝ սահմանել 500 միլիոն դրամ»

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը նշեց, որ օրենքով նախատեսվում է պետական տուրքի մասին օրենքը համահունչ դարձնել ԱԺ-ի կողմից հոկտեմբերին ընդունված Հարկային օրենսգրքին.

«Նախատեսվում է ինտերնետային ժամով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 միլիոն դրամի փոխարեն՝ սահմանել 500 միլիոն դրամ»։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկատեց, որ ընդամենը մի քանի օր առաջ արտահերթ նիստ էր գումարվել, որին մի շարք օրենքներ քննարկվեցին և ընդունվեցին.

«Ինձ համար անհասկանալի է՝ դուք նո՞ր եք նկատել, որ կար անհրաժեշտություն՝ համապատասխանեցնել Հարկային օրենսգիրքը պետական տուրքերի մասին օրենքի հետ, որովհետև, եթե այդ պարզը բանն այն ժամանակ նկատած լինեիք, այն ժամանակ կարելի էր այդ հարցը լուծել»։

Կ. Թամազյանը պարզաբանեց, որ Հարկային օրենսգրքում նշված փոփոխությունն իրականացվել է առաջինից երկրորդ ընթերցման ժամանակաշրջանում, և այդ ժամանակից սկսած՝ կառավարությունը նախաձեռնել է այս փոփոխությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով տարբեր մարմինների է ուղարկել կարծիքների համար, և անցյալ նիստին հավանություն է տվել նախագծին.

«Բավարարե՞ց պատասխանը»։
«Բայց Դուք բան պատասխանեցի՞ք, որ բավարարեր, ես Ձեզ պարզ հարց եմ տալիս, ասում եմ՝ երբ Հարկային օրենսգիրքն ընդունվում էր, ինչո՞ւ այս համապատասխանեցումը չարվեց»,- արձագանքեց Լ. Զուրաբյանը։

Կ. Թամազյանը կրկնեց, որ հաշվի առնելով, որ փոփոխությունը Հարկային օրենսգրքում իրականացվել է առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, օրենսգիրքն ընդունելուց անմիջապես նախաձեռնվել է այս օրենքում փոփոխություն կատարելու գործընթացը.

«Ինչո՞ւ նախորդ նիստում չի քննարկվել, որովհետև կառավարությունն այդ ժամանակ հավանություն տված չի եղել»։

Տեսանյութեր

Լրահոս