«Տեսնեք՝ Բաքվի փոխանակման կետերի մոտ ինչ է կատարվում, կարծես, սովետական ժամանակների հացի հերթեր լինեն»

Ադրբեջանում սպասվում է տնտեսական անկում, ընդ որում, օրեր առաջ հրապարակված կանխատեսման համաձայն, տնտեսական անկումը կլինի մոտ 3 տոկոս: Հաջորդ տարի էլ սպասվում է զրոյական տնտեսական աճ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Հակոբ Սաֆարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում գրանցված տնտեսական զարգացումներին:

Պարոն Սաֆարյան, ինչպիսի՞ իրավիճակում է հայտնվել Ադրբեջանի տնտեսությունը, հրապարակված տնտեսական ցուցանիշները խոսում են այն մասին, որ անկումը, կարծես թե, շարունակվում է:

-Վերջին երկու, երեք տարիներին Ադրբեջանի տնտեսական վիճակը գնալով վատթարանում է: Դա միայն հայ փորձագետների կամ հայկական դաշտից այնտեղի իրադարձություններին հետևողների կարծիքը չէ: Նույնը բարձրաձայնում են հենց ադրբեջանցի փորձագետները, միջազգային կազմակերպությունները: Եթե դիտարկենք տնտեսական աճի ցուցանիշները, ապա դրանք այս տարի բացասական են: Ադրբեջանում սպասվում է տնտեսական անկում, ընդ որում, օրեր առաջ հրապարակված կանխատեսման համաձայն, տնտեսական անկումը կլինի մոտ 3 տոկոս: Հաջորդ տարի էլ սպասվում զրոյական տնտեսական աճ, միայն 2019 թվականին հնարավոր է Ադրբեջանի տնտեսության վերականգնման գործընթացը:

Արդյո՞ք դա պայմանավորված է նավթամթերքից ստացված եկամուտների նվազմամբ: Վերջին տվյալների համաձայն, նավթային եկամուտները նվազել են 30 տոկոսով:

-2014-2015 թվականներին Ադրբեջանում տնտեսական բոլոր անբարենպաստ իրադարձությունները կարելի էր կապել նավթի գների ցածր մակարդակի հետ, բայց հիմա դրան գումարվել են նաև երկրում առկա տնտեսական այլ խնդիրները: Մասնավորապես, բանկային համակարգի քայքայում, մանաթի փոխարժեքի անարդյունավետ կառավարման խնդիրներ, ամեն օր ռեկորդային ցուցանիշներով մանաթի արժեզրկում դոլարի նկատմամբ: Այսինքն` նավթի գները ազդում են, բայց ներսում արդեն սկսվել են տնտեսական ճգնաժամի նախանշաններ, որոնք իրենց հերթին ազդում են ամբողջ տնտեսական միջավայրի վրա:

Խոսեցիք մանաթի արժեզրկման ռեկորդային ցուցանիշների մասին, դրանք ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

-Մանաթի արժեզրկումն առաջին հերթին ազդելու է գնաճի վրա: Այսինքն` առաջիկայում Ադրբեջանում լինելու է մեծ գնաճ: Այս պահի դրությամբ արդեն երկնիշ թիվ է, Ադրբեջանում 12 տոկոս ինֆլյացիա կա, ինչպես նախորդ տարի նույն ժամանակահատվածում, այս տարի ևս հավանականությունը շատ մեծ է, որ Ամանորին մանաթի մեծ տեմպերով արժեզրկում է տեղի ունենալու: Կրկնվելու է  նախորդ տարվա նույն սցենարը, երբ առևտրային խոշոր կենտրոնները գները վերանայելու են՝ դրանք բարձրացնելով: Մանաթի արժեզրկման, թերևս, հաջորդ բացասական կողմն այն է, որ այդ արժույթով խնայողություն ունեցող շարքային ադրբեջանցիների գնողունակությունը էապես նվազելու է:

Նախորդ տարի Ադրբեջանում նման իրավիճակով պայմանավորված որոշ ընկերություններ փակվեցին, մի շարք խոշոր ընկերություններ զգալի թվով աշխատատեղեր կրճատեցին: Այդ տեսանկյունից այս տարի ինչպիսի՞ միտում է նկատվում:

–  Այս պահին բանկերի մասով կարող եմ ասել, որ 2016 թվականին 10 առևտրային բանկ է փակվել: Այսինքն` Ադրբեջանում կա լրջագույն բանկային ճգնաժամ, որն առաջիկայում, ենթադրաբար, կշարունակվի: Տարվա կարևոր իրողություններից մեկը Կենտրոնական բանկի պահուստների կրճատումն է: Այսինքն` մանաթի այս տարվա փոխարժեքը պահելու համար Կենտրոնական բանկն անընդհատ ինտերվենցիաների դիմեց: Հույս կար, որ նավթի գները կբարձրանային և դեպի երկիր դոլարային մուտքերը կավելանային: Եկավ դեկտեմբերը, կրկին նույն իրավիճակն է, ինչ նախորդ տարի: 2016 թ-ի նոյեմբերի 30-ի դրությամբ Ադրբեջա նի ԿԲ-ի միջազգային պահուստները 4 մլրդ են: Եթե համեմատենք, ապա 2014 թվականի դեկտեմբերին դրանք 14 մլրդ էին: Երկու տարվա ընթացքում Ադրբեջանի հպարտության առարկա դարձած պահուստները, հիմա զգալիորեն կրճատվել են:

Ի՞նչ կանխատեսումներ կան 2017 թվականի հետ կապված: Արդյո՞ք այդ բացասական միտումները կպահպանվեն:

-Միանշանակ, ինչպես նշեցի, շարքային քաղաքացիների գնողունակությունը նվազել է, կրճատվել է երկրի առևտրաշրջանառությունը: Այսինքն` ամբողջությամբ վերցրած, Ադրբեջանի տնտեսությունն անկումային է: 2016 թվականի 11 ամիսներին առևտրաշրջանառությունը նվազել է 18 տոկոսով, որը բավական մեծ ցուցանիշ է: Նույն ժամանակահատվածում արտահանումը կրճատվել է 22 տոկոսով: Դրան էլ գումարած մանաթի զգալի արժեզրկումը: Ադրբեջանի Կենտրոնական բանկը, մանաթն իրական շուկայական փոխարժեքին՝ 1,75-ին, հասցնելու համար, պետք է փորձի շուկայում դոլար առաջարկել: Քանի որ ԿԲ-ի պահուստները փոքրացել են, հետևաբար դրա հնարավորություն քիչ է: Մանաթի արժեզրկումը կհանգեցնի գնաճի, Ամանորին ընդառաջ լարվածություն կստեղծվի:

Ի դեպ, Ադրբեջանն այս տարի առաջին անգամ զգացնել տվեց, որ իր ներքին ռեսուրսները այլևս չեն բավարարում: Այս տարի Ադրբեջանի պետական պարտքը գերազանցեց 20 տոկոսը: Դա, իհարկե, ցածր ցուցանիշ է, սակայն մեկ, երկու տարի առաջ այդ ցուցանիշը  7 տոկոս էր: Ընդ որում, դեռ բանակցություններ կան միջազգային  բանկերի հետ, հետևաբար արտաքին պարտքն աճելու միտում ունի:

Դուք խոսեցիք սոցիալական դժգոհություններից, այդ տեսանկյունից ներկայում նման միտումներ նկատվո՞ւմ են:

-Իհարկե, նկատվում են, այս պահին այդ դժգոհությունը կա: Մարդիկ խնայողություններ ունեն մանաթով, վտանգ են զգում և ցանկանում են դրանք փոխել դոլարով: Եթե տեսնեք, թե Բաքվի փոխանակման կետերի մոտ ինչ է կատարվում, կարծես, սովետական ժամանակների հացի հերթեր լինեն: Ադրբեջանի հասարակության շրջանում լարվածություն կա և դա ավելի կխորանա Ամանորին ընդառաջ:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի

Լուսանկարը` Հակոբ Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից

Տեսանյութեր

Լրահոս