Հայաստանի պատասխանը Ռոուհանիին

Երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին։ Սա մեր հարևան երկրի նախագահի առաջին այցն է Հայաստան նրա պաշտոնավարման շրջանում, թեև այցի մասին խոսվում էր ավելի քան երկու տարի։ Ավելին, Իրանի նախագահի այցը հաջորդում է Իսրայելի վարչապետի՝ Ադրբեջան կատարած այցելությանը, և, ինչպես պնդում են շատ փորձագետներ, Հայաստան գալով՝ Հասան Ռոուհանին պատասխանել է Ադրբեջանին՝ Նեթանյահուին ընդունելու համար։

Հարցը, թե ինչո՞ւ հարևան ու բարեկամ երկրի նախագահը չէր այցելում Հայաստան, ավելի շատ պետք է փնտրել ոչ թե Իրանի, այլ Հայաստանի քաղաքականության մեջ։ Ավելի ճիշտ, Հայաստանի կողմից տարածաշրջանային քաղաքականության բացակայության, կամ, որ նույնն է, արտաքին քաղաքականությունը Ռուսաստանով պայմանավորելու դիրքորոշման մեջ։

Հատկապես Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների չեղարկումից հետո այդ երկիրը պաշտոնական ու ոչ պաշտոնական գրեթե բոլոր հնարավոր խողովակներով առաջին հերթին ռազմավարական ոլորտներում Հայաստանին իրական համագործակցության առաջարկներ էր անում, սակայն հայկական կողմից, հռչակագրային հայտարարություններից բացի, որևէ առարկայական քայլ չէր արվում, որովհետև ռազմավարական բնագավառներում Իրանի հետ համագործակցությունը նշանակում է՝ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդում, Ռուսաստանից Հայաստանի կախվածության թուլացում, ինչը, հասկանալի է, Ռուսաստանը թույլ տալ, Հայաստանի իշխանությունն էլ՝ համարձակվել, չի կարող։

Ռոուհանիի երեկվա այցի շրջանակներում ևս ամեն ինչ ընթացել է դիվանագիտական արարողակարգի շրջանակներում։ Ամենայն հավանականությամբ, այդ շրջանակներում էլ կշարունակեն մնալ հայ-իրանական հարաբերությունները։ Դրա վկայություններից մեկը կարելի է համարել Ռոուհանիի այցի ու հայ-իրանական հարաբերությունների հետ ուղղակիորեն կապ չունեցող մի իրադարձություն, որը շատ պատահաբար տեղի է ունեցել հենց երեկ՝ Իրանի երկրի նախագահի այցի օրը։

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2010 թվականին Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագիրը կնքվել է Հայաստանի նախաձեռնությամբ, և, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանի կայունության երաշխավորն է։

Սա, կրկնում ենք, ուղղակի կապ հայ-իրանական հարաբերությունների հետ չունի, սակայն կապը շատ ավելի խորքային է ու արտահայտում է հարաբերությունների, մտածողության, ինքնուրույնության այն որակը, որով Հայաստանը կառուցում է արտաքին քաղաքականությունը՝ արդեն որերորդ անգամ ապացուցելով, որ աշխատում է  այն ռուսական շահից ածանցելու անշեղ սկզբունքով։

Ու բնական է, որ այս պայմաններում Հայաստանի իշխանությունն Իրանին անընդհատ առաջարկում է Եվրասիական միության հետ կամուրջ դառնալու իր ծառայությունը, որը, ըստ էության, Իրանի տեսանկյունից անպետք ծառայություն է, քանի որ Իրանն առանց Հայաստանի միջնորդության էլ հարաբերվում է Ռուսաստանի հետ ու ԵՏՄ-ի հետ կապված բոլոր հնարավորությունները կարող է իրացնել ուղիղ Ռուսաստանի հետ խոսելով։ Հայաստանին այդ պարագայում լավագույն դեպքում կարող է մնալ ընդամենը տարանցիկ երկիր դառնալու փոքր օգուտը, որը ոչինչ է՝ այն ռազմավարական հնարավորությունների համեմատ, որոնք Հայաստանը կարող էր օգտագործել Իրանի հետ, որպես ինքնիշխան պետություն, հարաբերություններ կառուցելու դեպքում։

Հակառակ դեպքում մնում է բավարարվել նրանով, ինչի ականատեսը եղանք երեկ. արարողակարգային միջոցառումներ։ Բավական բարձր մակարդակի։

Տեսանյութեր

Լրահոս