«Իրանական կապիտալը պետք է ավելի տեսանելի լինի Հայաստանում». Սերժ Սարգսյան

Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժն ամբողջովին օգտագործված չէ: Այս մասին Հայաստան-Իրան գործարար համաժողովին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով` անհրաժեշտ է մեր առեւտրատնտեսական հարաբերությունները համադրելի դարձնել հայ-իրանական բարձր մակարդակի քաղաքական հարաբերությու ններին, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչելու խոշոր տնտեսական ծրագրեր, որոնց հաջողված փորձն ունենք մասնավորապես էներգետիկայի ոլորտում: «Այսօր ես Իրանի նախագահին խնդրեցի խրախուսել տարբեր ոլորտների խոշոր գործարարներին գալու Հայաստան եւ այստեղ գործ դնելու` ինքս էլ խոստանալով, որ կխրախուսեմ հայ գործարարներին նույնը անել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունում»,- ասաց նախագահը:

Նա ցանկություն հայտնեց, որ իրանական կապիտալն ավելի տեսանելի լինի Հայաստանում, ինչը երկուստեք շահավետ կլինի երկու երկրների տնտեսությունների համար: «Այսօր Հայաստանում ստեղծված են բոլոր նախադրյալները ներդրումներ կատարելու եւ հաջողությամբ գործարարությամբ զբաղվելու համար: Օրենսդրական բարեփոխումների շնորհիվ նախատեսված է հստակեցնել օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքներն ու հնարավորություն տալ գործարարներին օգտվելու Հայաստանում այժմ գործող և ապագայում նախատեսված արտոնություններից»,-հավելեց նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանում ներդրումներ կատարելու առավելություններից նա ընդգծեց հատկապես այն հանգամանքը, որ մեր երկիրն ունի առեւտրի արտոնյալ ռեժիմ բազմաթիվ երկրների հետ: «Իրանցի գործարարները, գործունեություն ծավալելով Հայաստանում, կարող են օգտվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված լայն հնարավորություններից»,-ասաց Սարգսյանը` հավելելով, որ Հայաստանը որպես Իրանին սահմանակից երկիր տրանսպորտային միջանցք է դեպի Եվրամիության եւ ԱՊՀ երկրներ:

«Այս առումով կարեւորում եմ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը` որպես Պարսից ծոցի նավահանգիստները Սեւ ծովի նավահանգիստներին կապող ամենահեշտ տարանցիկ երթուղին»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս