«Իրանը և Հայաստանը համագործակցության մեծ ներուժ ունեն». Հասան Ռոհանի

Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև ջերմ և սերտ հարաբերություններ են հաստատվել: Երևանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:

«Մեր ժողովուրդները միշտ ապրել են կողք կողքի հազար ամյակների ընթացքում և գտնվում են քաղաքակրթական մեկ ընդհանուր միավորի ներքո: Իրանի ներկայիս կառավարության գործունեության շրջանում երկու երկրների հարաբերություններն առաջընթաց են ունեցել: Մենք առիթ ենք ունեցել հյուրընկալելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին մեր երկրում նախագահական ընտրություններից հետո երդմնակալության արարողության շրջանակներում, և ես մշտապես ցանկություն եմ հայտնել, որպեսզի պատասխան այցով լինեմ Հայաստանում: Ուրախ եմ, որ այսօր ես գտնվում եմ ձեր երկրում»,- ասաց Հասան Ռոհանին:

Իրանի նախագահը նշեց, որ Իրանը և Հայաստանը համագործակցության մեծ ներուժ ունեն: «Այդ ներուժի մի մասն արդեն օգտագործվում է, իսկ մի մասն էլ՝ առաջիկա ամիսների և տարիների ընթացքում հարկավոր է օգտագործել: Հատկապես էներգետիկայի բնագավառում մենք ականատես ենք լինում շատ սերտ համագործակցության երկու երկրների միջև: Մենք պետք է ջանքեր գործադրենք այդ համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ»,- նշեց Իրանի նախագահը:

Հասան Ռոհանին հավելեց, որ պետք է ավարտին հասցվեն Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու աշխատանքները: «Մենք պետք է երկաթուղու միջոցով ունենանք Պարսից ծոցը Սև ծովին կապող ճանապարհ: Դրանով մենք նպաստավոր պայմաններ կստեղծենք մեր և մյուս տարածաշրջանների ժողովուրդների համար»,- ընդգծեց նա:

Իրանի նախագահը ընդգծեց հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններն առավել հեշտացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է երկու երկրների միջև արտոնյալ պայմաններ ստեղծել տարբեր ուղղություններում համագործակցության առումով: «Մենք լավ համագործակցություն ունենք կրթական և գիտական բնագավառներում: Առօրյա տեխնոլոգիական հնարավորություններից օգտվելով՝ մենք կարողանում ենք շարունակել սերտ համագործակցությունը նաև այս ուղղությամբ»,- ասաց Ռոհանին:

Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Իրանը փորձում է օգտվել այն հնարավորություններից, որն ընձեռում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը: Հասան Ռոհանին նշեց, որ Իրանը քայլեր է ձեռնարկում Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս