«Իրանը Հայաստանին չի դիտարկում՝ որպես ներդրումային գործընկեր». Տնտեսագետ
Մենք Իրանի հետ ունենք առևտրային հարաբերություններ և գրեթե չունենք ներդրումային հարաբերություններ։ Այս կարծիքին է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վերջին 28 տարվա մեջ Իրանը Հայաստանում 3 միլիարդ դրամից ավելի ներդրում չի արել։
«Իրանը մեզ դիտարկում է՝ որպես առևտրային գործընկեր։ Իրանը Հայաստանին չի դիտարկում՝ որպես ներդրումային գործընկեր։ Մենք պետք է կարողանանք այդ կարծրատիպը կոտրել։ Եթե նայում ենք զուտ առևտրային հարաբերությունների տեսանկյունից՝ Իրանը որոշակի արդյունքի հասել է, այն միշտ տասնյակում կա, բայց, այնուամենայնիվ, իրանական ներդրումները Հայաստան չեն հոսում»։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ դա գուցե պայմանավորված է Ռուսաստանի գործոնով. «Այսինքն՝ սկսած գազատար, երկաթգիծ… Իրանն էլ մեզ դիտարկում է՝ որպես այդ առումով հակակշիռ։ Դիվանագիտական հակակշիռների և զսպումների այդ մեխանիզմն է ավելի շատ կիրառվում այդ տնտեսական հարաբերությունների առումով։
Ես չեմ տեսնում խոշոր իրանական ներդրումային ծրագրեր, որոնք արդյունք են տվել։ Հատկապես, դա կարող է պայմանավորված լինել նաև կրոնական գործոնով, երբեմն մենք այդ հանգամանքը մոռանում ենք, բայց մուսուլմանական աշխարհում շիա և սուննի գործոնից ելնելով՝ իրենք ներդրումային ծրագրերը կառուցում են՝ ըստ այդ տրամաբանության։ Դեռ ավելին, այլ կրոնի ներկայացուցիչների մոտ անգամ վարքագծային, մշակութային խնդիրներ էլ գոյություն ունեն»։
Վ. Խաչատրյանն ընդգծեց, որ մշակութային գործոնը տվյալ պարագայում ներդրումների համար մեծ ազդեցություն ունի.
«Հիմա նախագահը եկել է, եթե դա հակակշռող քայլ չէ Ադրբեջան-Իսրայել հարաբերություններին, այլ զուտ տնտեսական է, մինչև այդ ո՞ւր էր այդ տնտեսական համագործակցության քայլը։ Ինչո՞ւ է հիմա արվում, չկան պատահականություններ այստեղ, այլ կա հստակ մշակված քաղաքականություն, եթե ձեռք բերվեն համաձայնություններ և այդ ձեռք բերված համաձայնությունների շրջանակում նաև տեղի ունենան որոշակի ներդրումային ծրագրեր, և մենք տարին ամփոփելիս կտեսնենք Իրանի դիմաց գրված լուրջ ներդրումներ, այդ ժամանակ կասեմ, որ այդ կարծրատիպը կոտրվել է, և Իրանը Հայաստանում զբաղվում է նաև ներդրումներով»։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն օրերս հուսադրող պատասխան տվեց Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման վերաբերյալ՝ ասելով, որ աշխատանքները շարունակվում են՝ տնտեսագետը պատասխանեց, որ, երբ հստակ կլինի այդ ծրագիրը, ինքը կարող է ասել, որ ներդրումներ եղել են. «Ինչ վերաբերում է հայտարարություններին, լավատեսությանը, բնականաբար, դա կարելի է դիտարկել նաև՝ մինչ հանդիպումը PR քայլ, այսինքն՝ դրական զարգացումների ակնկալիք կամ ինֆորմացիայի հասցնելու մեխանիզմ, որ մենք ունենք նման ակնկալիքներ»։