«Կարծում եմ՝ Սեյրան Օհանյանն արժանապատիվ մրցակից կլինի բոլոր քաղաքական ուժերի համար». Նաիրա Զոհրաբյան
«Քաղաքական դաշտը սեփականաշնորհված չէ, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, եթե ունի քաղաքական օրակարգ, եթե տեսնում է, որ ինքն իր համախոհների միջոցով կարող է իրացնել իր քաղաքական օրակարգը, իրավունք ունի քաղաքական գործընթացների մասնակցելու»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մուտք գործելու հայտարարության մասին։
Ն. Զոհրաբյանը կարևորեց Ս. Օհանյանի հայտարարության մեջ առկա մի քանի «մեսիջները». «Ս. Օհանյանը խոսում է ատելության, միմյանց ոչնչացնելու, միմյանց հաշվին դիվիդենտներ հավաքելու այդ անհեռանկար քաղաքականության դեմ։ ԲՀԿ-ն քանիցս այդ մասին խոսել է։ Ցավոք սրտի, տևական ժամանակ մեր քաղաքական դաշտում գործում է միմիայն ոչնչացնելու, միմյանց հաշվին ինքնահաստատվելու տգեղ բնազդը, և այդ խաղի կանոններով ընտրությունների գնալն ուղղակի կործանարար կլիներ։ Ես չգիտեմ՝ ի՞նչ քաղաքական ուժի հետ է հանդես գալու Սեյրան Օհանյանը։ Եթե իսկապես պայքարը լինելու է ոչ թե անձերի, կոմպրոմատների, այլ իդեաների, գաղափարների, տեսլականների, ես դա իսկապես շատ ողջունելի եմ համարում։
Երկրորդ մեսիջը, որ կարևոր եմ համարում, դա լայն համախմբման գաղափարն է։ Կրկնում եմ՝ պարտադիր չէ՝ լայն համախմբումը լինի մեկ միասնական դաշինքով ընտրություններին մասնակցելը, նոր Սահմանադրությունն այնպիսին է, որ նոր խորհրդարանական ընտրություններն իսկապես լայն համախմբման խնդիր են դնում քաղաքական ուժերի առջև։ Լայն համախմբում ոչ իշխանական ուժերի միջև կարող է լինել շատ ակտիվ համագործակցությունը, ընտրակեղծիքների դեմն առնելու համար։ Ես Սեյրան Օհանյանին միշտ համարել և այսօր էլ համարում եմ բավականին զուսպ և հավասարակշռված անձնավորություն, ուստի կարծում եմ՝ ինքն արժանապատիվ մրցակից կլինի բոլոր քաղաքական ուժերի համար»։
Հարցին, թե Ս. Օհանյանի՝ երկար տարիներ պետական պաշտոն զբաղեցնելը չի՞ խանգարում նրան որպես ընդդիմադիր գործիչ ընկալելուն՝ Ն. Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Այդ հարցը միշտ սխալ է դրվում, որովհետև, եթե Սեյրան Օհանյանն այս պահին իշխանության մեջ չէ, ուրեմն՝ նա գործելու է ոչ իշխանական դաշտում, դա պարզ է։ Իսկ թե ի՞նչ օրակարգով հանդես կգա Սեյրան Օհանյանը, ես կարծում եմ՝ այդ պահին Սեյրան Օհանյանն ինքը պետք է հայտարարի, և ոչ թե՝ իր փոխարեն անեն հայտարարություններ»։
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ԲՀԿ-ն պատրա՞ստ է Սեյրան Օհանյանի հետ համագործակցելու՝ Ն. Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Ես ԲՀԿ-ի մասով ասել եմ, մինչև չլինի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, ԲՀԿ-ի առաջիկա քայլերի վերաբերյալ ես չեմ կարող որևէ հարցի պատասխանել։ Ամեն դեպքում մենք կողմ ենք ոչ իշխանական քաղաքական ուժերի միջև շատ լայն համագործակցության՝ ընտրակեղծարարությունը բացառելու, տեղամասում ընտրակեղծարարի ձեռքը բռնելու։ Ինչ վերաբերում է շատ ավելի նեղ համագործակցությանը, մասնավորապես՝ դաշինքներ և այլն, բոլոր հարցերին ես պատրաստ կլինեմ պատասխանել միայն այն ժամանակ, երբ պարոն Ծառուկյանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»։