«Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց, իր կարծիքով, օրիգինալ կարծիք արտաբերելով՝ նախընտրական փուլ սկսել»
«Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց, իր կարծիքով, օրիգինալ կարծիք արտաբերելով՝ նախընտրական փուլ սկսել, այսինքն՝ ձայներ շահել իրեն քաղաքական դաշտում դիրքավորելով՝ որպես խաղաղության ուժ, խաղաղության կողմ։ Ուստի, ինձ թվում է, որ հասցեատերը հայ հասարակությունն էր լայն առումով»,- «168 Ժամի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին ՀԱԿ համագումարում։
Ենոքյանի որակմամբ՝ Տեր-Պետրոսյանի ելույթը մանիպուլյացիոն բնույթ էր կրում։ Ենոքյանը նաև գտնում է, որ իր ելույթներով Տեր-Պետրոսյանը մշտապես Մոսկվային իր հետ համագործակցելու առաջարկ է անում։ Այս անգամ ևս, նրա պնդմամբ, բացառություն չէր։ Սակայն այդ առաջարկը, բանախոսի համոզմամբ, Մոսկվան երբեք չի ընդունի։
Քաղաքագետ Գևորգ Մելիքյանն անդրադառնալով քննադատությունների այն հատվածին, որոնք վերաբերում են Տեր-Պետրոսյանի՝ ԼՂ հակամարտությունը փոխզիջումային տարբերակով կարգավորելու անհրաժեշտությանը՝ ասել է, որ, ըստ էության, Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը չի տարբերվում այն դրույթներից, որոնք այսօր դրված են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային սեղանին։ «Ես չեմ ուզում քննարկել՝ դավաճան է, դավաճան չէ, ես ուզում եմ ավելի խորքային քննարկենք՝ եկեք հասկանանք ԼՂ հակամարտության լուծման տարբերակը։ Ո՞րն է մեր ճանապարհը։ Նման դիսկուրսներ չպետք է լինեն, դավաճանների ու հերոսների խնդիր չպետք է դնենք, անընդհատ բաժանումներ չպետք է դնենք, պետք է քննարկենք՝ ո՞րն է ԼՂ հակամարտության հայանպաստ լուծումը»,- ասել է Մելիքյանը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ ««168 Ժամ» թերթի այսօրվա համարում: