Դուբայը 36 մլրդ դոլար կներդնի երկրորդ օդանավակայանի ընդլայնման գործում
Դուբայի Էմիրությունը 35,7 միլիարդ դոլար կներդնի երկրորդ ավիահանգույցի՝ ալ Մաքթում (DWC) միջազգային օդանավակայանի ընդլայնման եւ զարգացման գործում, որը գտնվում է քաղաքի հարավում: Ինչպես ասված է Էմիրության երկու օդանավակայանների գործարկու Dubai Airports-ի հաղորդագրության մեջ, վերջերս մեկնարկել են երկու խոշոր նախագծեր, որոնք անհրաժեշտ կարողություններ կապահովեն Դուբայում Էքսպո-2020 համաշխարհային ցուցահանդեսի անցկացման ընթացքում եւ երկարաժամկետ հեռանկարով ուղեւորահոսքի եւ բեռնահոսքի աշխատանքի իրականացման համար:
Այդ նախագծերից մեկի շնորհիվ DWC-ի ուղեւորային տերմինալի թողունակությունն ընթացիկ տարեկան 5 միլիոն ուղեւորից 2017 թվականի վերջին կավելանա մինչեւ 26 միլիոն: Էապես կընդլայնվեն գրանցման, ուղեբեռի հանձնման եւ միգրացիոն վերահսկողության գոտիները, ինչպես նաեւ զննության եւ անվտանգության ապահովման գոտիները:
Մինչդեռ Դուբայի DXB ամենահին օդանավակայանը 2023 թվականին կկարողանա ընդունել տարեկան մինչեւ 118 միլիոն ուղեւոր՝ առանց ենթակառուցվածքում էական նոր տարրերի ավելացման, առավելապես ծառայությունների կատարելագործման եւ ռացիոնալացման, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների օգտագործման հաշվին:
DWC-ի ներդրումային ծրագիրն, ամբողջությամբ վերցված, նախատեսված է 12 տարվա համար: Այդ ժամկետի ավարտին ալ Մաքթում միջազգային օդանավակայանը կդառնա խոշորագույնն աշխարհում՝ տարական ավելի քան 220 միլիոն ուղեւորահոսքով եւ շուրջ 16 միլիոն տոննա բեռնահոսքով, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: