Գալուստ Սահակյանը չի պատրաստվում թաքցնել իր արարողակարգային գնումները
Այսօր Ազգային ժողովը 92 կողմ, 1 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ։
Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաև «Գնումների մասին» օրենքի նախագիծը (կողմ՝ 77, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 22 ձայների հարաբերակցությամբ)։
Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան ճշտող հարցով դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին. «Օրենքների արագ բերելու արդյունքում երբեմն չենք կարողանում ամբողջական ինֆորմացիային տիրապետել։ Մամուլում հրապարակվեց, որ այս օրենքի համաձայն՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի վարչական ծախսերը դառնում են պետական գաղտնիք և այլևս թափանցիկ չեն լինելու, եթե սխալ ենք հասկացել որևէ մեկդ ճշտեք, քանի որ դրանից կախված է մեր քվեարկությունը»։
Ի պատասխան՝ Գ. Սահակյանն ասաց, որ ինքը դրանից տեղեկություններ չունի, այսօր թերթում է կարդացել. «Կարծում եմ՝ նման բան ԱԺ-ի համար չկա»:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պարզաբանեց օրինագծում առկա համապատասխան դրույթը. «Խոսքը գնում է արարողակարգային գնումների մասին, ոչ թե հետագայում բյուջեի հաշվետվությունը, զուտ արարողակարգային՝ որ ռեստորանում պետք է հաց ուտեն և այլն, այդ երեք մարմիններինը պետք է փակ լինի»։
«Գնումների մասին դա ճիշտ է, հետագայում եթե բան լինի, ես տեղյակ կպահեմ, էդտեղ որևէ բնա ես չեմ տեսնում»,-արձագանքեց Գ. Սահակյանը։