«Երեկ փորձ արվեց նսեմացնել նախագծի դերն ու նշանակությունը». Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ Լևոն Զուրաբյանի ելույթին
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, որը վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվություն սահմանելուն։
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այս նախագիծը չափազանց կարևոր նշանակություն ունի կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում. «Բայց ինչպես ցանկացած նախագծի դեպքում՝ կարելի է գտնել ինչ-որ փոքրիկ խնդիր և այդ խնդիրն ուռճացնել ու փորձել նսեմացնել նախագծի դերն ու նշանակությունը։ Երեկ այդ փորձն արվում էր, երբ խոսք էր գնում հետադարձ ուժի խնդրին»։
Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանն էր անդրադարձել այդ խնդրին՝ առաջարկելով մեխանիզմներ սահմանել մինչև օրենքի հաստատումը եղած դեպքերի քննության համար։ «Ես հայտարարում եմ, որ ՀԱԿ-ն իր նախընտրական ծրագրի ամենակարևոր քայլերից մեկը կհամարի հենց այս ապօրինի հարստացման քրեականացմանը հետադարձ ուժի մեխանիզմ գտնելը, և 1991 թվականից բոլոր պաշտոնյաներին կստուգենք։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանի անունից ուզում եմ հայտարարել՝ ինքը պատրաստ է առաջինն անցնել այդ ստուգումը, թող փորձեն գտնել որևէ անհամապատասխանություն իր եկամուտների և ունեցվածքների միջև, չեն գտնի»,- հայտարարել էր Լ. Զուրաբյանը։
«Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, եթե այստեղ կանգնած լինեին իրենց ընդդիմադիր համարող, իրականում ընդդիմադիր, ամենաարմատապես տրամադրված գործիչները, որևէ մեկը՝ որպես hիմնական զեկուցող, չէր կարող ՀՀ սահմանադրությունն արհամարհել, ընդ որում, խոսքը չի վերաբերում վերջին սահմանադրությանը, այլ ՀՀ անկախ պետության բոլոր սահմանադրություններին։ Ասել, որ նախագիծն անցյալին ուղղված մեխանիզմ չի պարունակում, հետևաբար՝ նշանակություն չունի, դա ընդամենը կարող է նշանակել, որ մենք ապագային չենք նայում։ Սա ապագային ուղղված, հսկայական պոտենցիալ պարունակող նախագիծ է, ու ուզում եմ, որ սրա դերն ու նշանակությունը ճիշտ հասկանանք»,- նշեց Ա. Հովհաննիսյանը։