«Լևոն Տեր-Պետրոսյանի անունից ուզում եմ հայտարարել՝ ինքը պատրաստ է առաջինն անցնել այդ ստուգումը». Լևոն Զուրաբյան

«Սա առաջընթաց է, բայց դեռ բավարար չէ»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Նա առաջարկեց լիազորություններ տալ Էթիկայի հանձնաժողովին, որպեսզի նրանք և՛ լիազորություն, և՛ պարտավորություն ունենան  հավաքել նման տեղեկություններ բոլոր պաշտոնատար անձանց մասին և ուղարկեն Դատախազություն.

«Սա՝ այն պաշտոնատար անձանց դեպքում, երբ անհամապատասխանությունը տեղի է ունեցել մինչ այս օրենքի  ուժի մեջ մտնելը, թե չէ՝ այսպես ստացվում է՝ ինչ-որ ամնիստիա ենք հայտարարում։ Ես հայտարարում եմ, որ ՀԱԿ-ն  իր նախընտրական  ծրագրի ամենակարևոր քայլերից մեկը կհամարի հենց այս ապօրինի հարստացման քրեականացմանը հետադարձ  ուժի մեխանիզմ գտնելը, և 1991 թվականից բոլոր պաշտոնյաներին կստուգենք։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանի անունից ուզում եմ հայտարարել՝ ինքը պատրաստ է առաջինն անցնել այդ ստուգումը, թող փորձեն գտնել որևէ անհամապատասխանություն իր եկամուտների և ունեցվածքների  միջև,  չեն գտնի»։

Իր եզրափակիչ ելույթում նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ Լ. Զուրաբյանի ելույթին.

Կարդացեք նաև

«Հարգելի պարոն Զուրաբյան, ես հուսով եմ, սա իմ բարի ցանկությունն է, որ ձեր նախընտրական ծրագրում դուք նմանատիպ դրույթ չեք ամրագրի, մի դրույթ, որը հակասում է 1995, 2005 և 2015 թվականների սահմանադրություններին, ուզում եմ հավատալ, որ հակասահմանադրական դրույթով չեք կառուցի ձեր նախընտրական քարոզարշավը։ Մնացածը ձեր գործն է»։

Լ. Զուրաբյանն էլ արձագանքեց՝ ասելով,  որ ոչ մի հակասահմանադրական քայլ իրենք չեն առաջարկում.

«Մենք չենք առաջարկում հակադարձ ուժ տալ Քրեական օրենսգրքի այս  հոդվածին, դա իսկապես կլիներ հակասահմանադրական։ Մենք ընդամենն ասում ենք, որ պետք է ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ կտան ունեցվածքի և եկամուտների  անհամապատասխանության տեղեկությունների հիման վրա սկսել պաշտոնատար անձի գործունեության քննություն, և միգուցե պարզվի, որ տեղի է ունեցել պաշտոնի, դիրքի չարաշահում»։

Տեսանյութեր

Լրահոս