Արման Սահակյանը՝ «Դվին» հյուրանոցի և ԱԳՆ հին շենքի ճակատագրերի մասին
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց «Դվին» հյուրանոցի ճակատագրի մասին:
Ի պատասխան՝ Ա. Սահակյանն ասաց, որ այն ստանձնած պարտավորությունները, որ ուներ «Դվինի» ներդրողը, ամբողջությամբ կատարված են. «Սահմանված էր, որ մինչև 2016 թվականի ավարտը «Դվին» հյուրանոցը պետք է վերակառուցվեր, բայց ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ այն 13 միլիոնը, որ նախատեսված էր, չէր բավականացնում, որ ծրագիրն ավարտեր։ Այս պահին ներդրողները ներկայացրել են նոր ծրագիր՝ 100 միլիոն դոլարի, որը կառավարությունում քննարկման փուլում է, եթե հաստատվեց, նորից ակտիվ շինարարական աշխատանքները կվերսկսվեն»։
Լ. Մարտիրոսյան նաև նշեց, որ Արտգործնախարարության նախկին շենքի հետ կապված կցկտուր տեղեկություններ եղան, թե այն թանգարան է դառնալու. «Նոր տեղեկություններ կա՞ն»։
Ա. Սահակյանը նշեց, որ Արտգործնախարարության շենքի հետ կապված՝ իրենք հստակ պայմանագրում ֆիքսել են, որ այդտեղ պետք է կառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան, «5 աստղանի» բրենդ ունեցող հյուրանոցային համալիր. «Իհարկե, կողմի մոտեցումները եթե չփոխվեն»։