«Կամավոր ապահովագրություն այս ձևաչափում չի գործելու». Արտեմ Ասատրյանը` 1000 դրամների մասին

«Ես կարծում եմ` իսկապես բավականին լայն քննարկում տեղի ունեցավ օրենսդրական նախաձեռնության հետ կապված, և ընդհանրապես գաղափարի հետ կապված: Ես մնում եմ այն կարծիքին, որ մեր քաղաքացիներն իսկապես շատ կարևորելով մեր պաշտպանունակությունը և հատկապես մարտական գործողությունների մասնակիցների ապհովագրական համակարգի ներդրումը, որն իրապես կուժեղացնի մեր բանակի մարտունակությունը, ինչո՞ւ չէ, նաև սոցիալական պատշաճ երաշխիքներ ապահովելով ապահովագրական համակարգի միջոցով, կարծում եմ, սա էական ներդրում կլինի մեր երկրի պաշտպանունակության հարցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` մեկնաբանելով «1000 դրամների» օրինագծի ընդունումը:

Ըստ նրա` ապրիլյան իրադարձությունների ժամանակ բոլորն ականատես եղան, թե ինչպես էին մեր քաղաքացիներն ամենասուղ հնարավորություններով անգամ մասնակցում այդ գործընթացին, որպեսզի կարողանային օգտակար լինել, իսկ այս պարագայում խոսքը գնում է համակարգի ներդրման մասին:

Ա. Ասատրյանի խոսքով` ապրիլին քաղաքացիների կողմից օգնելու և օգտակար լինելու ցանկության չհամակարգված լինելն իսկապես շատ խնդրահարույց էր. «Երբ մենք խոսում ենք պետական համակարգ ստեղծելու և պետական համակարգի գործունեության մասին, այս դեպքում բոլոր հարցերն ու հարցադրումները, որ եղել էին ու կան և կարող են լինել ապագայում, լիարժեք լուծում են ստանում: Եվ ամենակարևորը, կարծում եմ, որ մեր քաղաքացիներն իրենց գնահատականը կտան բացառապես այդ հիմնադրամի գործելու և, Աստված մի արասցե, այդպիսի դեպքերի կրկնության դեպքում դրա գործունակության շրջանակներում»:

Նախարարը դրական գնահատեց, որ օրինագծով սահմանվեց, որ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու եկամուտը չի կարող նվազել, իսկ որպես ապահովագրական համակարգ, որը ենթադրում է բոլոր աշխատող քաղաքացիների մասնակցությունը, դա մի ձևաչափ է, որն ընդունված է ամբողջ աշխարհում:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ ապրիլից հետո քաղաքացիների օգնությունն ինքնակամ էր, իսկ այս դեպքում առկա պարտադրանքի գործոնը խիստ բացասաբար է ընկալվում, Ա.Ասատրյանը պատասխանեց. «Որևէ ապահովագրական համակարգ չկա, որտեղ վճարումները չլինեն օրենքի ուժով: Իսկ կամավոր ապահովագրություն այս ձևաչափում չի գործելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս