Բաժիններ՝

INTOSAI­-ի նոր ղեկավարն իր առաջին պաշտոնական այցը կկատարի Հայաստան

INTOSAI­-ի 22­-րդ համագումարի հետո, դեկտեմբերի 12-­ին տեղի է ունեցել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ կառույցների հանդիպումը: Կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի կատարման ընթացքն ու հետագա անելիքները: ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի արաբ գործընկերը նշել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում կարևոր է երկու վերահսկիչ կառույցների ջերմ համագործակցությունը:

ԱՄԷ վերահսկիչ կառույցի ղեկավար, դոկտոր Ալ Ամիմին Իշխան Զաքարյանին խոստացել է INTOSAI ղեկավարի կարգավիճակում իր առաջին պաշտոնական այցը կատարել հենց Հայաստան: INTOSAI ղեկավարը Հայաստան կժամանի 2017 թվականի հունվարին:

«Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ ՀՀ վերահսկիչ պալատի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Դեկտեմբերի 5-­ին մեկնարկած INTOSAI 22­-րդ համագումարի աշխատանքներն ավարտվեցին: Դեկտեմբերի 11-­ին վերահսկիչներն ընդունեցին Աբու Դաբիի հռչակագիրը, որով հաստատեցին INTOSAI և Վերահսկիչ Բարձրագույն Մարմինների գործունեության արդյունավետությունն ապահովող նախապայմաններն ու հիմնադրույթները:

Պետություններին ուղղված Հռչակագրի հիմնական ուղերձը Վերահսկիչ Բարձրագույն մարմինների պրոֆեսիոնալիզմի ապահովումն ու ամրապնդումն է: «Խստորեն հետևել INTOSAI ստանդարտներին». սա է այն հիմանական նախապայմանը, որի առկայության դեպքում Վերահսկիչ Բարձրագույն մարմինը կհամարվի պրոֆեսիոնալ:

Համագումարի աշխատանքներում բավականին ակտիվ ներգրավված էր նաև Միացյալ ազգերի կազմակերպության քարտուղարությունը, որը բոլորին հիշեցրեց դեռևս 2011 թվականին ընդունված 66 բանաձևը, ըստ որի բարձրագույն վերահսկիչ մարմինը կարող է արդյունավետ գործել միայն այն դեպքում, եթե վերջինս անկախ է բոլոր պետական մարմիններից և պաշտպանված է ցանկացած արտաքին ազդեցությունից:

Երկրները, որոնք լիովին չեն ապահովում վերահսկիչների անկախության հիմնադրույթները, չեն կարող արդյունավետ ինտեգրվել նաև միջազգային գործընթացներում:

Աշխարհի գլխավոր վերահսկիչները որոշեցին նաև հաջորդ համագումարն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում, որը կկայանա 2019 թվականին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս