ՌԴ Դաշնության խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակեց գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում
ՌԴ Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 14-ի լիագումար նիստում Սահակ Կարապետյանին նշանակել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում։
«Սահակ Ալբերտի Կարապետյանին նշանակել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում»,- ասված է ԴԽ-ի որոշման մեջ: Նրա թեկնածությունը, ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի ներկայացմամբ, առաջադրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության պրոֆիլային կոմիտեն դեկտեմբերի 13-ի նիստում պաշտպանել էր Կարապետյանի թեկնածությունը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար: Կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասի խոսքով՝ ՌԴ նախագահի կողմից ներկայացված թեկնածությունը «լիովին համապատասխանում է որակավորման պահանջներին», իսկ Գլխավոր դատախազությունում տարբեր պաշտոններում Կարապետյանի աշխատանքի հսկայական փորձը «հարգանքի է արժանի»:
Ավելի վաղ Սահակ Կարապետյանն զբաղեցնում էր ՌԴ Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության պետի պաշտոնը: Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պաշտոնաթող եղավ Ալեքսանդր Զվյագինցևը: Ենթադրվում է, որ Կարապետյանը գլխավոր դատախազությունում կզբաղվի միջազգային համագործակցության հարցերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: