Բաժիններ՝

«Մենք պատրաստ ենք». ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը պատրաստում դժվարին ժամանակահատվածի. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս ԼՂՀ-ում պատասխանելով Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հարցին, թե ինչու է հատկապես հիմա որոշել այցելել Ղարաբաղ, Սերժ Սարգսյանը պատասխանել էր. «Դա ներքին պարտադրանք է, որովհետև հիմա այն ժամանակահատվածն է, երբ և՛ զորքը, և՛ բնակչությունը, և՛ ԼՂՀ քաղաքացիներն արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու: Զորքը շատ կարիքներ ունի, և այդ կարիքները պետք է գնահատել, որովհետև մեր հնարավորությունները անսահմանափակ չեն, որպեսզի բոլոր հարցերը, բոլոր խնդիրները լուծվեն: Դրա համար պետք է կարիքները գնահատել, տեսնել՝ որն է առաջնայինը ու այդ խնդիրներին լուծում տալ: Ժամանակահատվածը սրանով է պայմանավորված»:

Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն էլ ասում էր, որ թշնամու կողմից նկատվում են շարժեր, կուտակումներ: Արցախի ազատամարտիկների միության Ստեփանակերտի տարածքային միավորման թիվ 5 համայնքի նախագահ Հրաչիկ Նասիբյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով ինչ է նշանակում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ պետք է պատրաստ լինել դժվարին ժամանակահատվածի, արդյո՞ք տեղեկություններ կան սահմանին սպասվող մարտական գործողության վերաբերյալ:

Նասիբյանի համոզմամբ՝ Սարգսյանի հայտարարությունն առաջին հերթին ուղղված է մշակույթի գործիչներին՝ բանակի կողքին լինելու, սատար կանգնելու:

Նկատելով, որ որոշ վերլուծությունների համաձայն սահմանին լարվածություն է սպասվում հունվարին, ազատամարտիկից հետաքրքրվեցինք՝ հնարավոր համարո՞ւմ է: «Ինչո՞ւ հունվարին, ամեն րոպե էլ սպասվում է, պատերազմը այնպիսի բան է, որ կարող է չհայտարարվել: Մենք պատրաստ ենք, բոլորս զինվորներ ենք: Այդ ե՞րբ են հայտարարում, որ պատերազմ են անելու: Ապրիլինի հայտարարե՞լ են: Ոչ: Մենք միշտ պատրաստ ենք: Անգամ որ չհայտարարեն, էլի պատրաստ ենք, հայտարարեն՝ ավելի լավ: Հիմա ժամանակն է միավորվելու: Պետք չէ բաժանվել կուսակցությունների, ոլորտների: Եթե զենքը ձեռքը մտնում է խրամատ, թշնամուն կրակում, նա զինվոր է, կապ չունի որ կուսակցությունից կամ որ ոլորտից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս