«Առաջարկվում է ամբողջությամբ ներել ինչպես՝ մայր գումարները, այնպես էլ՝ դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը և տուգանքները». ՊԵԿ փոխնախագահ
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նախագիծը որակեց՝ որպես հարկային արտոնություններ սահմանող և հարկային համաներում շնորհող օրենքի նախագիծ։
Վ. Միրումյանի խոսքով՝ առաջարկվում է ինքնազբաղված անձանց ՀՀ-ում ազատել հարկերից. «Որպես ինքնազբաղված անձինք՝ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել այն անձանց, ովքեր ունեն տարեկան մինչև 9 միլիոն դրամի շրջանառություն, չունեն վարձու աշխատողներ։ Թվով 23 գործունեության տեսակների մասին է խոսքը։ Այս առաջարկության ներկայացումն ուղղակիորեն բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից և նպատակ ունի խրախուսել ինքնազբաղված անձանց կողմից իրականացվող գործունեությունը»։
Նա նաև նշեց, որ նախագծով առաջարկվում է հարկային համաներման մի քանի դրսևորումներ ինչպես՝ ֆիզիկական անձանց, այնպես էլ՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար.
«Առաջարկվում է անհատ ձեռնարկատերերին ազատել նվազագույն եկամտահարկի և նվազագույն սոցիալական ապահովության ինչպես՝ մայր գումարից, այնպես էլ՝ դրանց արդյունքում կուտակված տույժ և տուգանքներից։ Ներկայումս այդ նվազագույն հարկատեսակները գոյություն չունեն, բայց կան կուտակված պարտավորություններ, կուտակված տույժեր և տուգանքներ, և առաջարկվում է ամբողջությամբ ներել ինչպես՝ մայր գումարները, այնպես էլ՝ դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը և տուգանքները»։