
ՄԱԿ-ը հայտնել է Ասադի ուժերի կողմից Հալեպում 82 խաղաղ բնակչի սպանության մասին

Սիրիական կառավարական զորքերը ու նրանց կողմից կռվող իրաքցի աշխարհազորայինները ներխուժում են Հալեպում խաղաղ բնակիչների տները, սպանում են նրանց, հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը։
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Ժակ Էյրոն ևս իր հայտարարության մեջ քաղաքի արևելյան հատվածում կատարված դեպքերի պատասխանատվությունը դրել է այն մարդկանց ուսերին, որոնք աջակցում են Բաշար Ասադի ռեժիմին։
Ինչպես հայտնում է Կոլվիլը, նման դեպքերի մասին հաղորդագրություններ ստացվել են արևելյան Հալեպի միանգամից 4 շրջաններից։ ՄԱԿ-ի աղբյուրների տվյալով՝ միայն նախօրեին սպանվել են տասնյակ քաղաքացիական անձինք։
«Երեկվա դրությամբ մենք ստացել ենք հաղորդագրություն, որ կառավարամետ ուժերը սպանել են նվազագույնը 82 քաղաքացիական անձի, ներառյալ՝ 11 կնոջ ու 13 երեխայի»,- ասել է Կոլվիլը։
Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ բնակիչների սպանությունների մասին որոշ հաղորդագրություններ չեն հաստատվել։
«Մենք հույս ունենք, որ այդ տեղեկությունները չափազանցված են»,- ասել է Կոլվիլը։