Բաժիններ՝

«Այս օրենքից թշնամին հասկանում է, թե ինչ վիճակում է գտնվում մեր պետությունը, բա դրա մասին չե՞ք մտածում». Լևոն Զուրաբյան

«Քննարկում ենք մի հարց, որը ժողովրդի մեջ հայտնի է՝ որպես 1000 դրամների օրենք»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Նա նշեց, որ  ՀԱԿ-ը պահանջում է, որ այն փոխհատուցումները, որ նախատեսված են այս օրինագծով, կատարվեն դեռ մի բան էլ ավելի մեծ ծավալով ու տարածվեն նախկինում տեղի ունեցած դեպքերի վրա։

«Մենք վստահ ենք, որ դա կարելի է անել պետական միջոցների հաշվին։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նույնպես ընդունեց դա՝ ասելով, որ, իհարկե, «կարելի էր փնտրել խնդրի լուծումը բյուջեի միջոցներից, բայց մենք հնարավորություն ենք ստեղծել դրսևորելու այն կամքը, որ մեր ժողովուրդը ցույց տվեց ապրիլյան պատերազմի ժամանակ»։ Կուզեի հասկանալ՝ մենք «հնարավորություն» բառն իրար նմա՞ն ենք հասկանում։ Սա հնարավորությո՞ւն է, թե՞ պարտադրանք։ Հնարավորությունն ազատություն է ենթադրում, սա հնարավորություն չէ, պարտադրանք է»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը։

Անդրադառնալով օրենքի քվեարկությանը, «թշնամիների» հետևելուն՝ Լ. Զուրաբյանը հորդորեց դեմ քվեարկել «հայկական պետականությունը խայտառակող այս օրինագծին»։

«Ավելի լավ է մտածեք, որ այդ նույն թշնամին տեսնում է, թե դուք ինչ օրենքներ եք բերում Ազգային ժողով։ Այս օրենքից թշնամին հասկանում է, թե ինչ վիճակում է գտնվում մեր պետությունը, բա դրա մասին չե՞ք մտածում, ինչի՞ եք սենց օրենք բերում, սա ամենաբացասական  PR-ն է պետության համար»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս