«Իսկ ինչո՞ւ չեք ընդունում իմ առաջարկը, ձեզ ո՞վ է ասել, որ կարող եք արհամարհել». Հրանտ Բագրատյան
«Ես անմիջապես ասեմ, որ ես այս օրենքին դեմ եմ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Հ. Բագրատյանն ասաց, որ ելնելով նրանից, որ օրենքը վերաբերում է զինծառայողներին, նրանց նկատմամբ ունեցած հարգանքից՝ վաղը պարզապես չի քվեարկի, չի ուզում, որ այդ «ոչ»-ը մտնի պատմության մեջ։
«Դա սխալ օրենք է, սա հիմք է տալիս մտածելու ներկա կառավարության, նախորդի, նախորդի նախորդի արդեն փաստված ձախողումների մասին։ Դա մարդուն չլսելն է։ Սա սովորական սոցիալական ծախս է, որ մինչև հիմա չէինք նախատեսել, ուզում ենք նախատեսել»,- նշեց Հ. Բագրատյանը։
Նա հայտարարեց՝ պետք չէ այստեղ ամբոխավարությամբ զբաղվել. «Իսկ ինչո՞ւ չեք ընդունում իմ առաջարկը, ձեզ ո՞վ է ասել, որ կարող եք արհամարհել, ես ձեզ ասում եմ՝ դրեք եկամտահարկի լողացող սանդղակ, ու վերջ տվեք այս պատմություններին»։