Բաժիններ՝

Ազգային ժողովում իրավիճակը թեժացավ. Զարուհի Փոստանջյանը սկսեց բղավել Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ

«Շուտով նոր տարի է, մենք կտեսնենք 5 հատ լիմոնադ, 7 հատ լավաշ, 12 հատ  բլինչիկ և ամեն բլինչիկի համար 5 րոպեանոց գովազդային ռեպորտաժներ՝ լրատվական տարբեր միջոցներով»,- այսօր Ագզային ժողովում այս մասին հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով զինծառայողներին և նրանց ընտանիքներին արվող նվիրատվությունների մասին։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Ն. Փաշինյանի խոսքով՝ այս քննարկվող նախագծով մենք շանս ենք ստանում սկսել խնդրի ինստիտուցիոնալ լուծումը, որը հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամ դարձած երեխաներին կազատի Սոցապնախարարության կամ օլիգարխների դռների մոտ օրեր անցկացնելուց։ Ըստ նրա՝ այս օրենքի նախագծով մենք տեսական շանս ենք ստանում, որ այդ հարցը կլուծեն։

«Այստեղ հնչում է զորեղ փաստարկ, որ իշխանությունը կոռումպացված է, թալանչի է, բայց եթե այս օրենքը չընդունվի, իշխանությունը դադարելո՞ւ է կոռումպացված ու թալանչի լինելուց։ Դե, իշխանությունը կոռումպացված է, թող մարդիկ չգնան բանակ, բոյկոտեն կոռումպացված իշխանության կոռումպացված բանակը։ Դա չէ թեման։ Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքը չպետք է լինի բարեգործության և որևէ մեկի քմահաճույքի հույսին։ Էն, որ գնում են՝ սելֆիներ են անում, ռեպորտաժներ են անում, տարանք, էս արինք, էն արինք, նվաստացուցիչ է այդ մարդկանց համար։ Մենք այս 1000 դրամներն իշխանությանը չենք տալիս, մենք տալիս են զինծառայողների ընտանիքներին»,- հայտարարեց Ն. Փաշինյանը, ում այս խոսքերն աժիոտաժ առաջացրին ԱԺ-ում։

Կարդացեք նաև

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սկսեց տեղից բղավել, որ չի կարելի նման բաներ ասել. «Հենց իրենց ենք տալիս այդ գումարները, այդպես չի կարելի ասել։ Դա իրենց հիմնադրամն է»։ Պատգամավորները փորձեցին հանդարտեցնել Զ. Փոստանջյանին։

Ն. Փաշինյանը պարզաբանեց, որ այդպես է ասում, քանի որ՝ «կա փաստ, մարդը զոհվե՞լ է, թե՞ չի զոհվել, մարդը առաջին կարգի հաշմանդամ դարձե՞լ է, թե՞ չի դարձել, եթե զոհվել է՝ մարդու ընտանիքը 10 միլիոն միանվագը ստացե՞լ է, թե՞ չի ստացել: Այսինքն՝ այդ մարդուն փողը չեն տալու, ինքը սուս է մնալու, ասելու է՝ ես գործ տվող տղա չեմ, որ մեր ախպերների ախպերներն ինձնից գողանան իմ հասանելիք գումարը, ես չեմ ասում: Չի՞ ասելու այդ մարդը»։

Ըստ Ն. Փաշինյանի՝ այս նախագիծը բանակի մարտունակությունը բարձրացնում է, ու ինքը կողմ է քվեարկելու այս նախագծին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս