Բաժիններ՝

«Ինչո՞ւ են «Մարտիկ» հիմնադրամի գումարները շատ ապահով դրված բանկերում». Նաիրա Զոհրաբյան

«Այս առաջարկվող փոփոխություններից հետո նախագիծն անփոփոխ է»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Ն. Զոհրաբյանը նկատեց, որ քննարկման ժամանակ խոսվեց այն մասին, որ հիմնադրամի ռիսկերն ապահովագրելով՝ լուծում են վստահության խնդիր. «Երբ մենք խոսում էինք վստահության ճգնաժամի մասին, չէինք խոսում այն մասին, որ չեն վստահում կոնկրետ Պաշտպանության նախարարությանը կամ պաշտպանության նախարարին, կամ չեն վստահում հիմնադրամին։ Ոչ, չեն վստահում, որ այս իշխանության օրոք երկրում հնարավոր է վստահելի որևէ  գործընթաց իրականացնել»:

Ն. Զոհրաբյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են «Մարտիկ» հիմնադրամի գումարները շատ ապահով դրված բանկերում. «Ես գիտեմ, որ հայտարարվեց, որ 1 միլիոն 200 հազար դոլարը բանկերում շատ ավելի ապահով պահված է։ Հիմա ես նորից  հարց եմ  տալիս, ինչո՞ւ է ապահով պահված, երբ ապրիլյան պատերազմում  հաշմված զինվորներն  այսօր լրջագույն կարիք ունեն տարատեսակ վիրահատությունների»։

Նա նաև հետաքրքրվեց, թե արդյոք հունվարի 1-ից շարունակվելո՞ւ է ԱԺ աշխատակազմից  գանձվել նրանց աշխատավարձի 1 տոկոսը. «Դա կլինի բացարձակ անարդար, կստացվի՝ համ 1000 դրամ է նրանցից գանձվում, և այդ 1 տոկոսը։ Նախորդ անգամ, երբ ես այս խնդիրը բարձրացրեցի, որոշ անհանգիստներ, չգիտես ինչու, ասացին, թե «Բարգավաճ Հայաստանի» որոշ պատգամավորներ այդ նախաձեռնությանը չեն մասնակցել. չենք միացել և լավ ենք արել, որ չենք միացել, բայց դա չի նշանակում, որ մենք մեր պարտքը մեր զինվորի նկատմամբ չենք կատարել։ Չենք վստահել, չենք միացել, կամ գտել ենք, որ մենք ավելին կարող ենք անել, որովհետև դա մեր պարտքն է՝ անել լուռ և անձայն։ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու այս նախաձեռնությանը»։

ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովն էլ նկատեց, որ Ազգային ժողովի աշխատակազմից գանձվող գումարները կամավոր են։ Ն. Զոհրաբյանը տեղից բղավեց, որ դրանք կամավոր-պարտադիր են, սակայն Է. Շարմազանովը չհամաձայնեց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս