«Տիկին Նաղդալյան, իմ ինտելեկտը չի հերիքում, որպեսզի հասկանամ, թե ինչ եք ասում». Հրանտ Բագրատյանը՝ Հերմինե Նաղդալյանին
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավոր Հրանտ Բագրատյանը ցանկանում էր հարց ուղղել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի վերաբերյալ։
Նրան ընդհատեցին՝ ասելով, որ այս պահին քննարկվում է տարբեր օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի ընդունման պարագայում նշված օրենքի ամբողջական կիրառումն ապահովելու հանգամանքով։
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը բացատրեց, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի վերաբերյալ պատգամավոր Հրանտ Բագրատյանը չի կարող հարցեր տալ, քանի որ պետք է նախօրոք գրավոր առաջարկություններ ներկայացներ։ Պատգամավորը կարող է միայն ելույթ ունենալ քննարկվող օրենքի մասին։ Իսկ ներկայացված օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի վերաբերյալ Հ. Բագրատյանը կարող է հարցեր տալ։
«Տիկին Նաղդալյան, իմ ինտելեկտը չի հերիքում, որպեսզի հասկանամ, թե ինչ եք ասում։ Բայց կա մի խնդիր, դուք ինձ ընդհատում եք, չեք լսում՝ ես ինչ եմ ասում։ Նախ՝ ներկայացված է փաթեթով։ Փոփոխություններն այնքան էական են, որ սա չի կարելի քննարկել, որպես երկրորդ ընթերցում, նոր բան եք ներկայացրել։ Հիմա նստենք ֆորմալ վիճաբանության, այնպես չէ, որ ձեր ասածը ճիշտ է»,- հայտարարեց Հ. Բագրատյանը։
ԱԺ փոխխոսնակը նորից պարզաբանեց, որ այսօրվա ներկայացվածը քննարկում է առաջին ընթերցման ռեժիմով, դրանից հետո ներկայացվածը նոր լինելու է երկրորդ ընթերցման ռեժիմով։