Բաժիններ՝

«Ինձ համարում եմ Արամ Խաչատուրյանի լավագույն կատարողներից մեկը». Բորիս Բերեզովսկի

Դեկտեմբերի 12-ին և 13-ին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում   Արամ Խաչատրյան համերգասրահում,  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ, տեղի կունենան ականավոր դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգները:

Այս առիթով հրավիրված  մամուլի ասուլիսի ընթացքում համերգի մանրամասների մասին խոսեցին  ասուլիսի բանախոսներ՝  վիրտուոզ դաշնակահար Բորիս Բերեզովսկին և «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:

«Մեր ժամանակների ամենահռչակավոր դաշնակահարներից մեկի՝ Բորիս Բերեզովսկու մասնակցությամբ այս համերգները և նրա այցը Հայաստան միշտ երաժշտական տոն է, որովհետև ինքը ոչ միայն շփվում է ամենաբարձրակարգ երաժշտության հետ, այլ նաև մեզ է մասնակից դարձնում այդ տոնին: Բորիս Բերեզովսկին մեր լավագույն բարեկամներից մեկն է, որ ամեն անգամ մեծ սիրով է գալիս Հայաստան»,- ասուլիսի մեկնարկին ասում է Ստեփան Ռոստամյանը:

Բորիս Բերեզովսկու կատարմամբ առաջին անգամ Հայաստանում հնչելու է Պ. Ի. Չայկովսկու 2 դաշնամուրային կոնցերտը. «Որքան հիշում եմ՝ հայաստանյան նախորդ այցիս շրջանակներում կատարեցի Չայկովսկու 1-ին, իսկ այս անգամ կհնչի  2-րդ կոնցերտը: Ահա այսպիսի ոչ մեծ  ինտերվալներով մենք առաջ ենք շարժվում,  և ահա այսօր և վաղը երկու համերգներով կներկայանանք երաժշտասեր հանդիսատեսին, որոնք իրականում  այնքան տարբեր են լինելու»,- նկատում է դաշնակահար Բորիս Բերեզովսկին:

Կարդացեք նաև

«Եթե նվագախումբը չափազանց բարձրակարգ որակ ունի, ապա կարելի է նվագել նաև առանց դիրիժորի, բայցևայնպես, ամեն դեպքերում, դիրիժորի ներկայությունը պարտադիր է, որպես մեկի, ով պատասխանատու է և ղեկավարն այն պրոցեսի, որ տեղի է ունենում համերգի ընթացքում՝ բեմի վրա, թեև իրականում սա բարդագույն հարց է, որը երաժշտի մոտ միայն սեփական էքսպերիմենտների արդյունքում կարող է վերջնական արդյունք գրանցել: Թեև պետք է նկատեմ՝ լավ դիրիժորը բավական հազվադեպ հանդիպող երջանկություն է, որի հետ աշխատելը միայն հաճույք է: Իմ պարագայում, այո, պատահել են համերգներ, որտեղ ես ներկայացել եմ նվագախմբի հետ, բայց առանց դիրիժորի: Այս առումով, թերևս, ամենաբարդագույն էքսպերիմենտն ինձ սպասվում է առաջիկայում՝ ապրիլին, որտեղ ես կատարելու եմ Բրամսի՝ նվագախմբի և դաշնամուրի համար գրված սիմֆոնիան,  ինչպես նաև Ստրավինսկու գործերից մեկը»,- անդրադառնալով դիրիժորի ներկայության կարևորությանը՝ պատասխանում է Բորիս Բերեզովսկին:

Անդրադառնալով ազգային ֆոլք երաժշտության իր նախասիրություններին և այս ենթատեքստում նաև հայկական երաժշտությանը՝ Բորիս Բերեզովսկին ընդգծում է.

«Ինձ համարում եմ Արամ Խաչատուրյանի լավագույն կատարողներից մեկը, իսկ Խաչատուրյանի երաժշտությունն ամբողջովին հիմնված է ազգային երաժշտության վրա: Հետևաբար,  եթե լավագույնս չտիրապետես ֆոլք երաժշտությանը,  ապա հնարավոր չի լինի բարձր որակով կատարել նրա աշխատանքները: Առհասարակ ինձ շատ մոտ է այս տարածաշրջանից՝  հայկական և վրացական երաժշտությունը: Սրանք մաքուր արվեստներ են, թեկուզ պայմանավորված միայն այն հանգամանքով, որ այս ժողովուրդների համար երաժշտությունը եղել և մնում է՝ որպես հոգուց բխող  բնական պահանջմունք, որը նաև  երաժշտության սկզբնական կոչումն է»:

Բորիս Բերեզովսկին հանդիսանում է աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկը. տարիների ընթացքում ձևավորելով փառահեղ համբավ և´ որպես ամենահզոր վիրտուոզ դաշնակահար, և´ արպես անկրկնելի զգայունության և խորաթափանցության տեր երաժիշտ: Բ. Բերեզովսկին  մշտապես հանդես է գալիս որպես մենակատար՝  այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են՝ Կոնցերտգեբաուն, Ֆիլհարմոնիա նվագախումբը, Ֆիլադելֆիայի նվագախումբը, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հաագայի ֆիլհարմոնիկը, Դանիայի ազգային ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Համբուրգի ՀԳՀ նվագախումբը, Բեռլինի գերմանական օպերան, և այլուր:

Որպես կամերային և մենահամերգային երաժիշտ՝ Բորիս Բերեզովսկին ամբողջ աշխարհում կանոնավոր կերպով  հանդես է գալիս ռեչիտալ համերգաշարերում և փառատոներում:

Դեկտեմբերի 13-ին Բորիս Բերեզովսկին հայ հանդիսատեսի համար հանդես կգա  եզակի մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Բարտոկի Սոնատը, Շոպենի 4 էքսպրոմտները,  Գրիգի 8 լիրիկական պիեսները և Ստրավինսկու Պետրուշկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս