Բաժիններ՝

Աթեշյանը Թուրքիայի հայերի անունից ցավակցական ուղերձ է հղել Էրդողանին

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ստամբուլում դեկտեմբերի 10-ին իրականացված ահաբեկչության առնչությամբ Թուրքիայի հայերի անունից ցավակցություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես տեղեկացրին Պոլսո պատրիարքարանից, Բեշիքթաշի թաղապետարանի կողմից Դոլմաբահչեում կազմակերպված հիշատակի արարողության պատրիարքարանի կողմից ներկա է գտնվել Օրթաքյոյի հայկական եկեղեցու քահանա Մաղաքյա Բեսքիսիզյանը, ով ընթերցել է Աթեշյանի ուղերձն Էրդողանին:

Պոլսո պատրիարքական փոխանորդը նշել է, որ խորը վշտով է տեղեկացել ահաբեկչական հարձակման մասին, որին զոհ են գնացել մեծամասամբ իրավապահ մարմինների աշխատակիցներ:

«Ահաբեկչությունը հարձակում է Աստծո` մարդկանց շնորհած կյանքի իրավունքի դեմ: Նմանօրինակ գործողությունները, անկախ այն փաստից, թե որտեղից են սկիզբ առնում, մշտապես դատապարտման են արժանանում ողջախոհ անձանց կողմից: Մեր ցանկությունն է, որ մարդկային նմանօրինակ հանցագործությունները, որոնք ոչ մի օգուտ չեն բերում և միայն վնասում են, վերջանան:

Որպես Թուրքիայի հայեր` մեր աղոթքներն ենք միացնում մեր հայրենիքի միության, խաղաղության ու հանգստության համար արվող աղոթքներին»,- նշվում է Աթեշյանի ուղերձում:

Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում դեկտեմբերի 10-ին ահաբեկչություն է իրականացվել: Պայթյուններից առաջինն իրականացվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, որում պայթուցիկ է տեղադրված եղել: Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի տվյալներով` օգտագործվել է 300-400 կգ պայթուցիկ նյութ: Երկրորդ պայթյունն իրականացրել է մահապարտը: Ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 155 մարդ:

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ»խմբավորումը: Վարչապետը Բինալի Յըլդըրըմը, սակայն, կատարվածի պատասխանատու է հայտարարել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս