«Բաղրամյան 26-ի միակ ճիշտ քայլն այն է, որ հայկական կողմը երբեք նախահարձակ չի եղել». Գուրգեն Եղիազարյան

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այն կարծիքին է, որ շփման գծում անվտանգության մեխանիզմներ չեն ներդրվում, որովհետև Ադրբեջանն է դրան դեմ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ ողջունելի է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հայտարարությունը. «Նման դիրքից առաջին անգամ ենք նման հայտարարություն լսում»:

Հիշեցնենք, որ Ջոն Էվանսը մասնավորապես ասել էր.

«Ես, օրինակ, հայերին չէի մեղադրի, եթե բանակցությունները վերսկսելու նախապայման դրվեր սեղանի շուրջ Ղարաբաղի մասնակցությունը»:

Եղիազարյանի խոսքով՝ անկախ Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ և որոշի իր ճակատագիրը, այլ ոչ թե՝ Հայաստանը. «Այդտեղ մենք անընդհատ տանուլ ենք տալիս»:
Նմանատիպ հայտարարությունները, ըստ նրա՝ մի բանի մասին են վկայում.

«Այս ամենին Արցախը հասավ Բակո Սահակյանի արդար ընտրություններով: Տեսան, որ փոքրիկ Արցախում հաղթել է ժողովրդավարությունը»:

Ըստ նրա՝ Բաղրամյան 26-ի միակ ճիշտ քայլն այն է, որ հայկական կողմը երբեք նախահարձակ չի եղել.

«Ադրբեջանցիները սպասում են, որ մենք նախահարձակ լինենք. իրենք երազում են դրա մասին։ Մենք պետք է ուղղակի ձևը գտնենք, որ երեխաներ չկորցնենք սահմանի վրա»։

Անդրադառնալով մեկ այլ թեմայի՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մտադրությանը, նա հիշեցրեց, թե դեռ փետրվարի 13-14-ին հայտարարել է՝ ՀՀԿ-ն շատ է փոշմանելու երկրորդ քաղաքական ուժին դաշտից դուրս մղելու քայլի համար. «Ես հայտարարել եմ, որ հետագայում դա իրենց համար գիլյոտինի է վերածվելու: Եվ կգա պահը, որ մենք կհամոզվենք»:

Տեսանյութեր

Լրահոս