«Ցանկացած տարաձայնություն ավելի ցածր արժեք է, քան այն ընդհանուր շահը, որ մեզ միավորում է ՀՀ-ի համար». Էդմոն Մարուքյան

«Այսօր մենք, ի դեմս այս փաստաթղթի, ունենք իրավիճակ, որ այդ տարաձայնությունները գլոբալ առումով հաղթահարված են»,- այսօր «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այդ ուժերի միջև ժամանակին եղած տարաձայնությունների մասին։

Նա նշեց, որ իրենք այսօրվա հուշագրում արձանագրեցին նաև, որ այդ տարաձայնությունները հաղթահարելու ավելի երկար ճանապարհ են բռնել, ու այսօրվա հուշագիրը տալիս է վստահություն, որ իրենք այդ հակասությունները հաղթահարել են ու համագործակցության հիմքեր են դնելու։

«3 կուսակցությունները՝ իրենց կուսակցությունների ներկայացուցիչների ստորագրությամբ, հավաստում են երկարաժամկետ համագործակցության հնարավորությունը, դա նշանակում է, որ այդ ժամանակը տվել է մի շարք հարցերի պատասխաններ, ու առաջիկա համագործակցությունը նույնպես կտա մի շարք հարցերի պատասխաններ»,- նշեց Ն. Փաշինյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ 3 քաղաքական ուժերը տարբեր են, տարբեր ճանապարհներ են անցել, ու յուրաքանչյուրն ունի իր անցած ճանապարհը։

«Սակայն մեր տարբերությունները միանշանակ մեզ հզորացնում են, և ժամանակին եղած քննարկումները, քննադատությունները, այդ ամենը եղել է նաև նույն տեսակի, մոտավորապես նույն տեսլականն ունեցող մարդկանց միավորման և ինչ-որ ընդհանուր մոտեցումներ գտնելու ճանապարհին։ Մենք նաև քննադատվում էինք նրա համար, որ չէինք միանում։ Մեզ ոչ միայն քննադատում էին, որ անհաշտ ենք, այլև նրա համար, որ չէինք միավորվում, որ կա հանրային պահանջ ընդդիմադիր դաշտում ներառական պրոցեսներ սկսելու։ Մենք, վեր կանգնելով այդ ամենից, սկսում ենք շատ կարևոր մի նոր ճանապարհ։ Վստահ եմ՝ ցանկացած տարաձայնություն ավելի ցածր արժեք է, քան այն ընդհանուր շահը, որ մեզ միավորում է Հայաստանի համար»,- հայտարարեց Է. Մարուքյանը։

Տեսանյութեր

Լրահոս