«Որպես անքննելի և անբասիր ընդդիմադիրներ՝ բժշկի հոգատարությամբ պետք է պայքարենք իշխող ուժից բխող վարակի պես տարածվող կեղծիքի և ստի դեմ». Էդմոն Մարուքյան

«Թող Աստված մեզ պահապան լինի, որ փրկենք Հայաստանը»,- այսօր «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ հայտարարեց հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

Նա շնորհավորեց իրենց համագործակցության մասին փաստաթղթի ստորագրության հաստատումը.

«Ցանկանում եմ ունենալ հանդուրժողականության և վստահության մթնոլորտ հետագայում՝ մեր գործունեությունն ավելի լայնածավալ ծավալելու համար, որպեսզի մենք կարողանանք այսօրվա իշխանության ջլատող այս իրավիճակից ժողովրդին դուրս բերել ու դեպի քաղաքակիրթ պետության տանել»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյան էլ նշեց, որ այսօր շատ կարևոր և պարտավորեցնող օր է. «Ավեի քան մեկ տարի առաջ, երբ ազդարարում էինք «Լուսավոր Հայաստանի» ստեղծման մասին և ազդարարում էինք մեր լուսավոր նպատակները, վստահ էինք, որ մեր երկրում բեկում մտցնելու, հաջողության հասնելու միակ գրավականը նույն տեսլականը կիսող գործիչների և ուժերի ջանքերի համադրման, միավորման մեջ է»։

Է. Մարուքյանը նշեց, որ իրենք երբևէ չեն եղել ատելության և անտագոնիզմի քարոզիչ.

«Այս ընտրական գործընթացում, բացի մեր հիմնական գործառույթից՝ մեր քաղաքական ծրագրերի և նպատակների քարոզումից և տարածումից, որպես անքննելի և անբասիր ընդդիմադիրներ՝ բժշկի հոգատարությամբ պետք է պայքարենք իշխող ուժից բխող վարակի պես տարածվող կեղծիքի և ստի դեմ՝ մեր ընտրողին ցույց տալով, թե որտեղ է իր խնդիրների լուծման ուղին։

Եվրոպական մոդելի առաջադեմ, ժողովրդավար, մարդու իրավունքները և ազատությունները պաշտպանող երկրի կայացումը եղել և մնում է մեր հիմնական նպատակակետը։ Ջանք ու եռանդ չենք խնայելու, որ մեր պապերի երազած հայոց պետականությունը կարողանանք վերածել բարիքի՝ ոչ միայն Հայաստանում ապրողների, այլև համայն հայության համար»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս