««Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «ՔՊ» կուսակցությունները ընտրություններին կմասնակցեն դաշինքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Facebook-յան էջում հրապարակվել է հուշագրի տեքստը, որը քիչ առաջ ստորագրվել է «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև։ Հուշագրում նշված է, որ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում հանդես են գալու միասնաբար` դաշինքով:

hushagir

Հուշագրում, մասնավորապես նշված է.

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝

– հավատարիմ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը,

– գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությունը,

– ելնելով Հայաստանի արդիականացման և ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունից,

– ականջալուր լինելով հակասությունները հարթելու և համագործակցության հիմքեր դնելու հանրային պահանջին,

Համաձայնության եկան համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին:

Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝

ա) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով:

բ) համատեղ գործունեության (այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման) վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով:

գ) համատեղ գործունեության արդյունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ:

դ) հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելի՝ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ։

ե) արձանագրում են, որ իրենց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկզբունքի վրա և նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատև ու կայուն զարգացումը:

Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ

Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի նախագահ

Սասուն Միքայելյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ»։

Տեսանյութեր

Լրահոս