«Մենք վարդագույն ակնոցներով չենք նայում, նայում ենք՝ ինչ է հնարավոր». պաշտպանության փոխնախարար

Հանրապետական զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանն այսօր «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրեց պահեստազորային համակարգի հետ կապված իրավական կարգավորումները:

Ըստ նրա` պահեստազորայինները հաճախ չեն ներկայանում վարժական հավաքներին, և դրա համար պատասխանատվության չեն ենթարկվում: Զինկոմը մանրամասն ներկայացրեց, թե ինչ պետք է անի կամ արվի:

««Կարող է» բառը պետք է փոխարինել «պետք է» բառով, և պետք է ասել` տարին մեկ գնո՛ւմ են վարժանքի, սպան երկու ամսով գնո՛ւմ է»,- իր վրդովմունքը հայտնեց պատգամավոր Թևան Պողոսյանը` հավելելով, որ եթե այս փոփոխությունն արվի, ոչ թե պահեստազորայինները կգնան զինկոմ, «պտիչկան» կդնեն և կհամարեն, որ վարժանքը բավարար անցավ:

«Մեր առջև դրված մարտահրավերը սերունդների մարտահրավեր է: Մեր թշնամու տեսակն այնպիսին է, որ չի փոխվելու և մենք միշտ պետք է պատրաստ լինենք»,- ասաց Թ. Պողոսյանը:

Ըստ նրա` պահեստազորայինը, եթե իրեն հատկացված հագուստը տարավ տուն, պետք է իմանա, որ 2 տարի հետո դա իրեն նորից պետք է գալու, և թշնամին պետք է հասկանա, որ այս ժողովուրդը 100 տարի, 200 տարի հետո էլ միշտ պատրաստ է լինելու, և այլևս չհամարձակվի ապրիլյան ավանտյուրան կրկնել:

«Արվում է ամեն ինչ և մեր կատարած աշխատանքը ուղիղ համեմատական է մեր հնարավորություններին: Մենք վարդագույն ակնոցներով չենք նայում, նայում ենք՝ ինչ է հնարավոր»,- պատգամավորին հակադարձեց պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:

Նա անթույլատրելի համարեց պատգամավորի համեմատությունը «Շանթ 2015» զորաարժանքի ու ապրիլյան պատերազմի միջև և հայտարարեց, որ դրանք համեմատության եզրեր չունեն, պարզ է, որ պատերազմի ժամանակ ավելի շատ բացեր ի դերև կելնեն: Նա հորդորեց ազնիվ լինել և նախքան պահանջելը հարց տալ` իսկ ի՞նչ ենք մենք արել բանակի համար:

Տեսանյութեր

Լրահոս