
Իրանում փոխում են փողը. ռիալին կփոխարինի թումանը

Իրանի կառավարությունը հավանություն է տվել երկրի Կենտրոնական բանկի կողմից դրամական բարեփոխում անցկացնելու նախագծին, տեղեկացնում է TASS գործակալությունը:
Այն նախատեսում է ներկայումս գործող ազգային արժույթը՝ ռիալը, թումանով փոխարինելու հնարավորություն, որը համարժեք կլինի 10 ռիալի։
Թումանը Պարսկաստանում (Իրանի նախկին անվանումը) տարածված էր մինչև 1932 թվականը, երբ փոխարինվեց ռիալով։ Ներկայումս տեղի է ունենում հակառակ գործընթացը՝ նպատակ ունենալով դյուրացնել դրամական հաշվարկները:
Մինչ օրս թումանը համարվում էր ոչ պաշտոնական դրամական միավոր։ Իրանի Կենտրոնական բանկի թղթադրամներում և խանութներում շրջանառվում էր ռիալը, սակայն առօրյայում իրանցիներն օգտագործում էին «թուման» բառը, ինչը որոշակի խառնաշփոթ էր առաջացնում։
Վերջին տարիներին ինֆլյացիայի հետևանքով ռիալը զգալիորեն արժեզրկվել էր: Ներկայումս ամերիկյան 1 դոլարը իրանական փոխանակման կետերում արժե 39 հազար ռիալ: Այժմ այն կարժենա 3.9 հազար թուման: