Բաժիններ՝

Վթարային շենքերի ամրացման համար փող չկա

asparez.am. 2010 թվականին Ախուրյանի բնակարանաշինության մրցույթում հաղթող էր ճանաչվել «Գլենդել Հիլզ» շինկազմակերպությունը: 2015-ի ամռանը կազմակերպությունը սնանկացավ եւ լուծարվեց: 2016-ից շինարարական աշխատանքները պետական բյուջեի 798 միլիոն դրամ միջոցներով վերսկսեցին չորս առանձին շինարարական կազմակերպություններ՝ «Փարվանա» ԱԿ-ն, «Շինարար» ՍՊԸ-ն, «Շինկարկաս» ՍՊԸ-ն, «Սեւանտրես» թիվ 1 շինարարական վարչություն ՍՊԸ-ն:

Բնակարանաշինության աշխատանքներում մասնակցություն է ունեցել նաեւ «Գլենդել Հիլզ»-ը, Գյումրու Մուշ-2-2 թաղամասում այս ընկերության կառուցած բազմաբնակարաններում տարիներ անց ի հայտ եկան տեխնիկական ու շինարարական խնդիրներ, փլվեց բնակարանի առաստաղը, շարքից դուրս եկավ հատակը եւ այլն:

Այս հանգամանքները հաշվի առնելով` վերջերս Շիրակի մարզ այցելած քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե Ախուրյանի նորակառույցներն ինչպիսի երաշխիք ունեն:

-Տեղական կազմակերպություններն են զբաղվել շինարարությամբ, դա արդեն երաշխիք է,-ասաց Ն. Սարգսյանը եւ ավելացրեց, որ նշված շինությունները պատրաստ են դիմակայել 9 բալ ուժգնության ցնցմանը:

Անդրադառնալով Շիրակի մարզի անօթեւանության հիմնախնդրին` Նարեկ Սարգսյանն ասաց. «2018 թվականին, քանի որ լրանում է երկրաշարժի 30-րդ տարելիցը, մենք պարտավորվում ենք մինչեւ դեկտեմբերի 7-ը լուծել մարզի անօթեւանության խնդիրը»,-նշեց ոլորտի պատասխանատուն եւ միաժամանակ տեղեկացրեց, որ 2017 թվականին Գյումրիում բնակարանի գնման վկայագիր է հանձնվելու մոտ 100 ընտանիքի, իսկ 2018-ին գյուղական համայնքներում իրականացվելու են առանձնատների կառուցապատումներ:

2017-ին նախատեսվում է պետական բյուջեից 560 մլն դրամ հատկացնել ԲԳՎ-ների ձեռք բերմանը:

Գյումրիում շարունակում են անտուն մնալ մի քանի հարյուր ընտանիք, որոնք դատական կարգով են ճանաչվել անօթեւան, բայց անօթեւանության հերթացուցակում ներառված չեն, «Ասպարեզը» Ն.Սարգսյանին խնդրեց պարզաբանել, թե այս ընտանիքների կարգավիճակը ինչ է լինելու:

-Դատական բոլոր գործերով անցած անօթեւաններն արդեն մեզ մոտ հաշվառված են,-վստահեցրեց քաղաքաշինության կոմիտեի նախագահը:

Նարեկ Սարգսյանը վստահեցրեց, որ 2018-ին Գյումրին աղետի գոտու կարգավիճակում չի լինի, դրանից հետո զարգացման ծրագրեր են իրականացվելու:

Ն.Սարգսյանը լուծում է առաջարկում, ըստ նրա Գյումրին ունի մայրաքաղաքի ֆունկցիաներ կատարելու հնարավորություն: Քաղաքի զարգացման տարբերակներից է համարում գերատեսչությունների տեղափոխումը Գյումրի: Ն.Սարգսյանը պատրաստ է տեղափոխվել ու հաստատվել Գյումրիում, համենայն դեպս «Ասպարեզի» հարցին այսպես պատասխանեց. «Ես դեռ երկու տարի առաջ եմ առաջարկել, մեծ հաճույքով կգամ: Դա ինձ համար պատիվ կլինի»:

Նարեկ Սարգսյանը, անդրադառնալով Գյումրու մոտ 3500 այն անօթեւան ընտանիքներին, որոնք բնակարաններ չեն կորցրել երկրաշարժի հետեւանքով, բայց բնակվում են տնակներում, ասաց, որ մարզպետարանին հանձնարարական են տալու նման ընտանիքների իրական թիվը ճշգրտելու համար: Ուսումնասիրությունից հետո, ըստ Ն.Սարգսյանի, կձեռնարկվեն համապատասխան քայլեր:

-Այն տնակները, որոնք չեն խանգարի քաղաքի գլխավոր հատակագծին եւ կլինեն բարվոք վիճակում, կմնան` որպես կացարան, իսկ մյուսների բնակարանի հարցը կլուծվի սոցիալական ծրագրերի միջոցով,-ասաց նա:

88-ի աղետալի երկրաշարժի հետեւանքով Գյումրիում դեռեւս կա 88 վթարավտանգ շենք, որոնք 1990-ականների սկզբների գործիքային ուսւումնասիրությունների տվյալներով` ունեն 3-4-րդ աստիճանի վթարայնություն, այստեղ բնակվում են մարզի ամենածանր պայմաններում հայտնված աղքատ ընտանիքները:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նարեկ Կիրակոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս