Բաժիններ՝

«Ո՞վ ունի Մեսսիի կարիքը, եթե մենք ունենք Մխիթարյան». Միջազգային մամուլն ու երկրպագուները՝ Մխիթարյանի խաղի մասին

Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի  «Զարյա»-«Մանչեսթեր Յունայթեդ» (0:2) հանդիպումը հրաշալի ստացվեց Հայաստանի ազգային հավաքականի և մանչեսթերյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար: Հայ ֆուտբոլիստն անցկացրեց շատ վստահ հանդիպում և բացեց իր գոլերի հաշիվը մանչեսթերյան ակումբի պաշտոնական խաղերում:

Մխիթարյանը երկար դադարից հետո խաղում է արդեն երրորդ խաղն անընդմեջ և երեք խաղերում էլ երկրպագուների քվերակության արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ դառնում է խաղի լավագույն ֆուտբոլիստը:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինիոն, եթե նախորդ խաղերից հետո ասում էր, որ Հենրիխը դեռ ապացուցելու բան ունի, դեռ պետք է աշխատի և ավելի վստահ դառնա, ապա այս խաղից հետո ասաց, որ շատ գոհ է Մխիթարյանից, քանի որ նա հրաշալի է  խաղում և՛ Եվրոպա լիգայում, և Պրեմիեր լիգայում, և՛ գավաթի խաղերում:

Մխիթարյանի խաղը, ինչպես միշտ, անտարբեր չի թողել միջազգային պարբերականներին: Հետաքրքիր է, որ միջազգային պարբերականներից գրեթե բոլորը խաղի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Հենրիխին՝ տալով նրան ամենաբարձր գնահատականները:

Կարդացեք նաև

SkySports-ը մանչեսթերյան ակումբի խաղն անվանել է հաղթանակ՝ ոգեշնչված Մխիթարյանի խաղով: Անդրադառնալով Մխիթարյանին՝ պարբերականի լրագրողները «Յունայթեդի»  ցուցադրած խաղը վերջին հանդիպումներում անվանել են մխիթարյանյան հրաշք:

Ըստ պարբերականի՝ Մխիթարյանն ապացուցել է Մոուրինիոյին, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է, և այս խաղով էլ ցույց տվեց, որ կարող է լինել շատ վտանգավոր և համարձակ:

Manchester Evening News-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 7 միավորով և նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ոչ մի ֆուտբոլիստ չունի այնպիսի դրիբլինգ, ինչպիսին ունի Մխիթարյանը:

«Հայ ֆուտբոլիստը վերակենդանացել է վերջին խաղերում»,- գրում է ESPN  պարբերականը՝ նշելով, որ Մխիթարյանը փայլեց անգամ ուկրաինական ցրտի պայմաններում:

Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը փոխեց խաղի ընթացքը և պարզապես հրաշալի գոլ խփեց:

«Oh, Mkhi, you’re so fine!»,- Մխիթարյանի գոլից անմիջապես հետո գրեց հեղինակավոր Goal պարբերականը: Ավելի ուշ, ամփոփելով խաղը՝ պարբերականի լրագրողները գրեցին, որ  Մխիթարյանը կարող է դառնալ առանցքային ֆուտբոլիստ մանչեսթերյան ակումբի համար, մեկը, առանց ում չի կարելի պատկերացնել մանչեսթերյան հաղթանակները:

Metro պարբերականի՝ լրագրողները Մխիթարյանին համեմատել են Լիոնել Մեսսիի հետ՝ նշելով, որ Մխիթարյանի գործողությունները գոլի պահին շատ նման էին Մեսսիի ոճին:

Պարբերականը նյութի վերնագրում գրում է, որ Մխիթարյանը գունավորեց անգույն հանդիպումը:

«Կարող ենք միայն գուշակել, թե ինչու էր Ժոզե Մոուրինիոն նրան դուրս թողնում հայտացուցակից: Մխիթարյանը  վստահաբար ապացուցում է, որ պետք է միշտ խաղա մեկնարկում»,-  նշել են պարբերականի լրագրողները:

Ի դեպ, Մխիթարյանին Մեսսիի հետ համեմատել են նաև մանչեսթերյան ակումբի երկրպագուները: Խաղի ավարտից անմիջապես հետո #GGMU հաշթեգով արված գրառումների մեծամասնությունը Մխիթարյանի մասին էր: Երկրպագուները նշում են, որ Մխիթարյանը մեկն է, ում իրենք շատ են վստահում:

«Կարմիր սատանաների» երկրպագուները խաղավարտին համացանցում տարածում էին լուսանկար, որի վրա գրված էր՝ «Ո՞վ ունի Մեսսիի կարիքը, եթե մենք ունենք Մխիթարյան»:

Մխիթարյանի խաղը տպավորել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Պոլ Սքոուլզին:

Սքոուլզը նշել է, որ դեռ շաբաթներ առաջ կարծում էր, որ միայն ժամանակի հարց է Մխիթարյանի՝ դաշտ վերադառնալը:

«Մենք տեսանք, թե որքան է կատարելագործվել նա: Հենրիխն ունի այն, ինչ այս պահին չունի Մատան: Մատան ևս լավն է, բայց արդյո՞ք կարող է այնպիսի անցում կատարել, ինչպիսին երեկ ցուցադրեց Մխիթարյանը:

Մխիթարյանը հրաշալի հնարքների է տիրապետում, ինչը կօգնի թիմին հաջողությունների հասնել»,- նշել է Սքոուլզը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս