
Հենրիխ Մխիթարյանը հավատում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ կարող է չեմպիոն դառնալ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գտնում է, որ իր թիմը դեռ կարող է պայքարել ԱՊԼ-ում տիտղոսի համար: 14 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» գրավում է 6-րդ տեղը և հետ է մնում առաջատար «Չելսիից» 13 միավորով:
«Երբեք մի ասա՝ «երբեք», չկա անհնարին ոչ մի բան: Ես հիշում եմ, թե ինչպես էր մի անգամ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջ անցել «Մանչեսթեր Սիթիից» 8 միավորով, բայց վերջնական արդյունքում զիջեց այդ մրցավազքում, այնպես որ, ամեն ինչ հնարավոր է:
«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է սկսի հաղթել: Պետք է դասեր քաղել մեր սխալներից և շարժվել առաջ: Լավ արդյունքները կգան:
Յուրաքանչյուր խաղ կարևոր նշանակություն ունի: Դուք չեք կարող դատել թիմի մասին մեկ խաղով: Կարելի է պարտվել աութսայդերին, հետո հաղթել թոփ-մրցակցին և, միևնույն է, չհայտնվել լավագույն քառյակում:
Գիտեմ, թե ինչ ճնշում են գործադրում «Մանչեսթեր Յունայթեդի» վրա: Բոլորը մեզանից հաղթանակներ և տիտղոսներ են սպասում: Եթե ես պատրաստ չլինեի դրան, ապա չէի գա այստեղ»,- Մխիթարյանին է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը