Լևոն Խեչոյան․ «Ինձանից առաջ և ինձանից հետո»

Լրագրող Կիմա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել ՀՀ գրողների միության համագումարի ժամանակ Լևոն Խեչոյանի «Ինձանից առաջ և ինձանից հետո» վերնագրված ելույթի տեքստը։

«Խոսքս ճիշտ ընկալելի լինելու համար նախօրոք հայտարարում եմ՝ հավակնություն չունեմ Գրողների միության ղեկավար մարմիններում իմ թեկնածությունը առաջադրելու եւ հրաժարվում եմ որեւէ կառույցի անդամագրվելուց:

Ելույթս նրան է վերաբերելու, թե արդյոք ճի՞շտ ճանապարհով է գնացել Գրողների միությունը կամ տեղ կհասնի՞, եթե կողմ քվեարկենք առաջարկվող կանոնադրության նախագծին: Այս Գրողների միությունը, այսպիսի կառույցով, այս ժամանակահատվածում չի համապատասխանում ներկա պահանջներին:

Տոտալիտար երկիրը փլուզվել է, բայց նրանից որպես բանդագուշանք մնացած, տոտալիտար կառույցը իր համայնավարական սկզբունքներով կա, ռեժիմն ինքն էլ ստեղծում է խումբը, խմբի շահերը՝ ինչպես եղել է 70 տարի: Հարկավոր է՝ այստեղ հավաքված 300 հոգով արիություն ունենալ եւ հաստատման ներկայացված Գրողների միության նոր կանոնադրության նախագծի մեջ փոփոխություններ կատարել, այնպիսի կետեր մտցնել, որ ցանկացողները կարողանան դուրս գալ հին Գրողների միությունից, եւ որեւէ գրական ուղղության, սկզբունքի, նորարարության շուրջ՝ իրենց պատկերացրած նոր անկախ գրողների ընկերությունները ստեղծեն, այն էլ՝ մի քանիսը: Նման մասնատման մեջ որեւէ սարսափելի բան չկա, եթե կարողանանք կանոնադրությունը տնտեսագիտական եւ իրավաբանական ճշգրտումներով հաստատել: Այսպես է Ռուսաստանում, մեր հարեւան Վրաստան-Ադրբեջանում, այսպես է ամբողջ Եվրոպայում:

Գրողների միությունը գրականության շահի համար իր տնտեսությունով բաժանվելով մի քանի ընկերությունների՝ նխ հնարավորություն կտա, որ ամեն մեկն իր թերթերով, ամսագրերով, տպագրված գրքերով, մյուսի հետ պնդաջիլ մրցակցություն ունենա՝ կծաղկի տարբեր ուղղություններին հարող առողջ գրականությունը:

Նման քայլը մեր գրականության շուրջ լռության շրջափակումը բացելու համար լավագույն ելքն է լինելու՝ ամեն մի ընկերություն իր փոքրիկ, թեթեւ խմբերով աշխարհի չորս ծագերի ուղղությամբ կռվելով առաջ կգնա: Ամենքս մի կողմի վրա՝ արեւելք եւ արեւմուտք, ես համոզված եմ՝ որեւէ մեկը տեղ կհասնի, կհասնի արեւելքին, կներկայանա մեր դարավոր մշակույթի անունից:

Հանդգնություն պիտի ունենանք կեղեւից դուրս գալու՝ մեր բողբոջը մեզանից դա է պահանջում: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի բացվել: Մեզ համար միայն աշխարհը բացելը չէ կարեւոր, այլ՝ ներդրում ունենալ համաշխարհային մշակույթի մեջ. Ահա մեր գերխնդիրը:

Եթե կարողանայինք այս 35 հազար քառակուսի (Արցախն էլ հետը) կլիոմետր փոքրիկ տարածքի վրա ապրող քիչ մարդկանցով պատմության քառուղիները անցած ժողովրդի մշակույթի խորհուրդը, բարոյականությունը, քմահաճ հողի եւ հպարտ մարդու փոխադարձ կնքած դաշինքը գեղարվեստական խոսքի զորությամբ աշխարհի սրտի մեջ դնեինք՝ ապա համակիր ունկնդիրներ կունենայինք:

Շատ երկրներում եղածի իմ փորձով կարող եմ վկայություն տալ, որ մեր տեսակի գեղարվեստական ներսը հետաքրքիր է աշխարհի համար, պիտի թույլ տանք, որ լսի մեզ ու մեր հեւքը ունենա մեզանից: Այդ առաքելությամբ համաշխարհային գրականության մեջ ներդրվել կարողանալը դիտվելու է՝ որպես պատմաբանների, քրիստոնեության դրոշի, դիվանագետների զորությամբ արված գործին հավասար:

Բայց մենք այս առաջընթացով անորոշ հեռվի ճանապարհն ենք բռնել, Գրողների միության այսպիսի կառույցով ո՞ւր ենք գնալու, այսչափ վախվորածությունը ո՞ւր կտանի…

Բազմաքանակ, հարյուրներով, տարեկան տպագրվող գրքերի անուններ են տալիս. Շատ գրքեր տպագրելը դեռեւս գիրք տպագրել չի նշանակում…Եթե դրանց գրական որակի համար Գրողների միությունը պատասխանատու չէ, գոնե կազմակերպվող շնորհանդեսների, ավելի շատ կողմնակիցներ ձեռք բերելու նպատակով անընդհատ նորանոր մարդկանց անդամագրելու համար պատասխանատվություն կրո՞ւմ Է…

Կորել է գրական պրոֆեսիոնալիզմի պատվախնդրությունը՝ գրքահեղեղի պատճառով: Կորել է սպիտակ թղթի եւ սեւ թանաքի վիճաբանության երկյուղը: Փոխարենը սկսվել է մասսայական ճշմարտությունների ժամանակաշրջանը: Բողբոջի համար կեղեւ է պետք բացել:

Իսկ այսօրվա գրաքննադատությունը գրականության մուտքի համար նպաստավոր պայմաններ, գեղարվեստական դաշտի մթնոլորտ չի ստեղծում: Տասնյակ տարիների ընթացքում առաջացած գրաքննադատությունը ինչքան էլ տապալված փուլեր է ունեցել, բոլոր դեպքերում ստեղծել էր ուղենիշը: Գրականության նկատմամբ ձեւավորել էր քրիստոմատիկ համակարգ, հիմա, տարիների ընթացքում մշակված լուսավոր այդ կորիզն ենք կորցնում:

Գրաքննադատության դերը աշխարհում միշտ եղել է ու կա՝ գրականության տեսակն ու որակը իրարից զատել, պատմվածքը՝ պատմվածքից, պիեսը՝ պիեսից, գրողին գրողից բաժանել…

Մեր գրաքննադատությունն այսօր մեկ ուրիշ կարգավիճակի է հասել, հենց ինքն իր վճիտ ակունքների սկզբունքներին հակառակ, ի հեճուկս, հենց ինքն իրեն, ամբողջ գրականությունը միատեղում, փորձում է բոլորին մի անկողնում անվեճ քնեցնել, այն ամուսինների նման, որոնք մի կյանք հաշտ ու խաղաղ ապրում են միասին, բայց օտար են իրար:

Իսկ նպատակը ոչ թե իրար նմանեցնելը պետի լինի, այլ՝ իրարից տարբերակելը: Նոր, շնորհալի սերունդ է գալիս, նրանք տեսնող աչքի են սպասում: Համառորեն թեզական գրաքննադատությունը իր դիրքերն է հաստատում: Եթե այդպես չլիներ, գրաքննադատությունը ձեռքը բռներ, ապա որտեղից էչ լինելու մրցանակաբաշխության այսքան առատ՝ հեքիաթային ոսկե խոնչայի նվիրատվությունները: Գրողների միությունը հսկայական միջոցներ է ծախսում թարգմանչաց տոների համար: Ռուսական շուկան մեզ վաղուց է հայտնի. Այդ գործն իր հին կապերով պիտի թողնել ավագ սերնդին՝ նոր սերունդի համար անհրաժեշտ է Եվրոպա դուրս գալու քայլեր ապահովել: Թարգմանությունը, մանավանդ, տեղեկատվական այս ժամանակաշրջանում, երբ վրացիները եւ ադրբեջանցիները Արեւմուտքի դռներից չեն հեռանում, պիտի գրողների ընկերությունների համար ազգային գործունեության նպատակ դարձնել, միաժամանակ, լավագույն պայքարի միջոցը կլինի միջակության դեմ:

Գրողների միության մյուս կարեւորագույն խնդիրներից մեկը լեզուն է, որն աչքաթող է արվել մինչեւ հիմա, այս պատճառով սփյուռք ենք կորցնում: Աբեղյանական ուղղագրությունը, որ անգամ ժամանակին համազգային քննարկման չդրվեց, տարեցտարի օտարություն մտցրեց Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, խզեց հաղորդակցության խորքային կապը, քանի գնաց՝ միմյանց լեզվամտածողության եւ հոգեբանության նկատմամբ անհաղորդ դարձանք, ինչը, որ շատ վաղուց ռուսական պանշովինիզմի երազանքն էր՝ հայկական երկու հատվածներին զրկել ազգային մտածողության եւ գաղափարախոսական խնդիրնրից: Մեր արմատն է մեզ փրկելու, հակառակ դեպքում՝ ամենակատարյալ բիզնեսը, հաջողակ դիվանագիտությունը, լավագույն բանակները, եթե սեփական մշակույթի վրա չեն հենված՝ փլուզվելու կամ թափվելու են: Սա է հզոր պետականություն ունենալու ժամանակակից երկրների ուղենիշը: Որպեսզի իրականանա մեր համազգային ինքնությունը, ոչ թե կեղծ՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսով, բայց տարբեր ուղղագրություններով պիտի առաջնորդվենք, այլ՝ իրապես՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ունենալու համար բանաստեղծի պատգամը պիտի կատարենք, թե՝ մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է:

Իսկ այսօր, համակարգչային դարում, Սփյուռքի հետ անգամ գրավոր հաղորդակցությունն է հայերենով, հայկական տառերով անհնար՝ ուղղագրությւոնների անհամապատասխանելիության պատճառով…

Նման իրավիճակն է պատճառը , որ Մերձավոր Արեւելքի Հայ համայնքները նահանջում են հայերենից, Սփյուռքում շատ երիտասարդներ արդեն չեն տիրապետում հայերենին: Ապշած ենք, թե ինչո՞ւ Է սկսվել հոգեւոր անկում: Այստեղ էլ ժողովուրդը լքում է հայրենիքը՝ անգամ Թուրքիա է գնում:

Պատրվակը միայն հացը չէ, հավատացած եմ, որովհետեւ բարոյականությունը, որ ցրտին, խավարին, սովին, պատերազմին էր դիմակայել, չխրախուսվեց: Նման հատկանիշը ապագայի ազգային ուղենիշ-կեցվածք չդարձավ:

Դրամահավաքն էլ՝ Սփյուռքից, պատերազմող Արցախից, թոշակառուներից, դպրողականներից, մեծ ու փոքրից, թուլացրեց Գրողների միության կեցվածքը. այդ ե՞րբ էր պատահել, որ վերցներ ժողովրդից, միշտ հայրաբար ինքն էր տվել:

Հայող աշխարհի հոգեւոր դիմագիծը կոփելու , մեր երկու հատվածները վերականգնելու համար, Գրողների միությունը խիզախություն պիտի ունենա լծի տակ մտնելու՝ համազգային միասնական ուղղագրությունը վերականգնելու գործում:

Որ ազգտ երանի չի տա մեզ՝ 15 դար սեփական այբուբենն ու ուղղագրությունը անփոփոխ օգտագործելու համար:

Երանելի ազգային պատվախնդրություն…

Գրողների միությունը պիտի հրաժարվի լավ պարողի իր համբավից: Անընդհատ պարում է իշխանություննրի առաջ: Չի արձագանքում հասարակության համար ճակատագրական հարցերին կամ արձագանքում է երկրորդական նշանակություն ունեցող խնդիրներին: Հարկավոր է՝ տան բարոյականությունը պահողի, ազգային ծրագրեր, գաղափարներ թելադրողի դերում լինել:

Օրինակ՝ այսօր մեր համագումարը չի կարող չարձագանքել, նաեւ կոչ չանել մյուս հասարակական կազմակերպություններին, որ արձագանքեն պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի ելույթին, թե՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ եւ գրավյալ տարածքներ կան»:

Ոչ ոք՝ ոչ ՀՀ նախագահը, որ արտգործնախարարը, ոչ պաշտպանության նախարարը, իրավունք չունի առանց հանրաքվեի մի թիզ անգամ վերադարձնել , պատերազմը ժողովրդական է եղել, հողերի ճակատագիրը ժողովուրդն էլ կորոշի: Եթե հասարակության կամքին հակառակ քայլ կատարվի, դրա համար պատասխանատու կլինի նաեւ կոալիցիան:

Իսկ ինչ վերաբերվում է Գրողների միության նախագծի հաստատելուն, արդեն իմ վերոհիշյալ ելույթից պարզ է, թե ինչո՞ւ չէի ցանկանա՝ որեւէ նախագահը 2 տարուց ավելի ժամկետով ընտրվեր: Մյուս պատճառն արդեն իրավաբանական է. հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենսգիրքը կարդալով, ինչքան հասկացա, պահանջում է, որ երկու տարին մեկ պարտադիր ժողով հրավիրվի եւ ժողովն է իրավասու որոշելու՝ տվյալ նախագահը մնա՞, թե նորն ընտրեն:

Դրան էլ իրավաբանները կպատասխանեն…»:

Լևոն Խեչոյան

Երևան, 2005թ., մայիսի 21

Տեսանյութեր

Լրահոս